Երեկ՝ դեկտեմբերի 14֊ին, Թուրքիայի ոստիկանության կողմից իրականացված հատուկ գործողությունների հետևանքով ձերբակալվել են մի շարք լրագրողներ ու ոստիկանության աշխատակիցներ, հայտնում է Today's Zaman կայքը։
Ստամբուլում ու Թուրքիայի 12 այլ քաղաքներում իրականացված խուզարկությունների արդյունքում ընհանուր առմամբ ձերբակալվել է 31 մարդ, այդ թվում՝ Թուրքիայի խոշորագույն «Զաման» թերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլին ու «Սամանյոլու TV» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Հիդայեթ Կարաջան։
Ըստ պաշտոնական տվյալների՝ լրագրողներն ու ոստիկանները բերման են ենթարկվել ահաբեկչական կազմակերպություն հիմնելու, դրա անդամ կամ առաջնորդ լինելու մեղադրանքներով։ Բերման ենթարկվածներից ոմանք մեղադրվում են խարդախության ու զրպարտության մեջ։
«Զաման» պարբերականն ու «Սամանյոլու TV» ալիքը կառավարության նկատմամբ քննադատական տրամադրվածություն ունեցող ԶԼՄ֊ների շարքում են։ Ավելի վաղ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրանց, ինչպես նաև մի շարք ոստիկանների ու դատական համակարգի աշխատակիցների մեղադրել էր ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր գործիչ Ֆեթուլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման համախոհ լինելու մեջ։
Երեկ հազարավոր մարդիկ հավաքվել են «Զաման» պարբերականի խմբագրության դիմաց և բողոքել են մամուլի ներկայացուցիչների ձերբակալությունների դեմ՝ վանկարկելով «Անկախ մամուլը չի կարող լռեցվել», «Վերջ անօրինականությանը», «Մենք դաժանությունից չենք վախենում»։
Անդրադառնալով ձերբակալություններին՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի «հակապետական կառույցները պետք է պատասխան տան ժողովրդի և պատմության առջև»։