Home / Հայաստան / ՄԻԵԴ֊ը Հայաստանի Հանրապետության դեմ 48 վճիռ է կայացրել

ՄԻԵԴ֊ը Հայաստանի Հանրապետության դեմ 48 վճիռ է կայացրել

2014թ. սեպտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետության դեմ ՄԻԵԴ է ներկայացվել ավելի քան 2000 գանգատ։ 2014թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ՄԻԵԴ-ը Հայաստանի Հանրապետության կողմից խախտում է գտել 48 գործով:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ով նաև ՄԻԵԴ-ում ՀՀ Կառավարության ներկայացուցիչն է: Նրա խոսքով՝ դա վատ ցուցանիշ չէ, եթե համեմատել հարևան երկրների ցուցանիշների հետ:

Նա նշել է նաև, որ Հայաստանի Հանրապետության դեմ վճիռների հանրագումարով քաղաքացիներին պետբյուջեից փոխանցվել է 574 հազար եվրո, մինչդեռ ներկայացվել է 15 միլիոն 260 հազար եվրոյին համարժեք փոխհատուցման պահանջ:

Նշենք, որ փաստաբան Արա Ղազարյանն ավելի վաղ Epress.am֊ի հետ զրույցում ասել էր, որ ՄԻԵԴ դիմած քաղաքացիները հիմնականում բողոքում են, որ իրենց գործերով ապացույցները ձեռք են բերվել խոշտանգումների միջոցով, կալանքը՝ որպես խափանման միջոց համատարած կիրառման, ինչպես նաև այլընտրանքային զինվորական ծառայություն չկիրառելու պրակտիկայի դեմ։ Ղազարյանն ընդգծել է, որ Հայաստանում չի գործում նաև բարոյական փոխհատուցում տալու մեխանիզմը։ Մանրամասները՝ այստեղ։