Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի դպրոցի ուսուցիչները նոյեմբեր ամսվա աշխատավարձը չեն ստացել։ Ուսուցչակազմը գրեթե վստահ է, որ իրենց աշխատավարձը մարզում յուրացվել է կամ ինչ֊ինչ մարդկանց կողմից դրվել է շրջանառության մեջ, գրում է «Հրապարակ» թերթը։
Ուսուցիչները փորձել են խնդիրը բարձրացնել Կոտայքի մարզպետարանում՝ բողոքի ցույցի միջոցով, բայց մտափոխվել են՝ վախենալով, որ ղեկավարությունն իրենց նկատմամբ հաշվեհարդար կտեսնի և ակտիվիստներին անգործ կթողնի։
Կոտայքի մարզպետարանում, թերթի փոխանցմամբ, նույնիսկ տեղյակ չէին, որ մարմարիկցի ուսուցիչները նոյեմբերի աշխատավարձը չեն ստացել։ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արմեն Օհանյանը նախ զարմացավ, ապա խոստացավ ճշտելուց հետո տեղեկացնել պատճառի մասին։ «Ճշտելուց» հետո Օհանյանը հայտարարեց, որ «Հրապարակի» ինֆորմացիան իրականությանըւ չի համապատասխանում։ Թերթի դիտարկմանը, թե իրենց դիմած 22 ուսուցիչները աշխատավարձ չստանալու կեղծ հայտարարություն անել չէին կարող, խոսնակը պատրաստակամություն հայտնեց նորից հետաքրքրվել ու լրացուցիչ տեղեկացնել։
Պարզվեց՝ Կոտայքի մարզպետարանի ֆինանսական վարչությունը նոյեմբերի 4-ին գումարը փոխանցել է Մարմարիկի դպրոց։ Օհանյանի փոխանցմամբ՝ դա ոչ թե աշխատավարձի գումար է, այլ դպրոցի այլ ծախսերի, մասնավորապես, գազի, էլեկտրաէներգիայի․․․
«Դպրոցի տնօրինությունը պետք է ինքը հոգա իր պարտքերը, այդ թվում՝ աշխատավարձի պարտքերը», ֊ ասել է խոսնակը։
Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, սակայն, ուսուսիչներին հայտնել էր, որ այդ գումարներից տեղյակ չէ։
«Այդ դեպքում հարց է առաջանում՝ որտե՞ղ է այն գումարը, որը նոյեմբերի 4-ին մարզպետարանից փոխանցվել է Մարմարիկի դպրոց ու, փաստորեն, տեղ չի հասել»,֊ եզրափակում է թերթը։