«Մանանա գրեյն» ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանի մեքենայից 56 միլիոն դրամի հափշտակություն կատարելու մեջ մեղավոր ճանաչված և 5.5 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Առուշանյանը դիմել է Դատախազություն՝ գործը վարած քննիչի և դատախազի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով: Այս մասին երեկ լրագրողներին ասել է Աշոտի հայրը՝ Լավրենտի Առուշանյանը:
Նա հիմնավորել է, որ քննիչ Մուշեղ Ալեքսանյանի և դատախազ Տիտալ Ուզոյանի նկատմամբ քրեական գործ պետք է հարուցվի, քանի որ կան ցուցմունքեր, որ նրանք խախտումներով են կորզել նյութեր՝ մեղադրանքը հիմնավորելու համար:
«10 ցուցմունք կա այն մասին, որ Արտաշես Գալստյանի նկատմամբ խոշտանգումներով, ծեծելով, տղամարդկային արժանապատվությունը գցելով են վերցրել վկայություն»,- ասել է Լավրենտի Առուշանյանը:
Առուշանյանի դեմ ցուցմունք տված վկա Արտաշես Գալստյանը նախկին քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի խցակիցն է եղել:
Դատարանում Առաքելյանը պատմել էր, որ Գալստյանն իր հետ զրույցում ասել էր՝ իրեն ստիպել են Առուշանյանի դեմ ցուցմունք տալ: Ազատ արձակվելուց հետո Գալստյանը մահացել է՝ ինքնասպանություն գործելով:
Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը պատմել է, որ Վերաքննիչ դատարանը թեև վերաքննության կարգով էր գործը քննում, պաշտպանական կողմի գրեթե բոլոր հարցերը հանում էր, իսկ մնացյալ հարցերին քննիչը պատասխան չէր տալիս՝ ասելով «լավ եմ արել»։
Գալստյանի ցուցմունքն օգտագործելն առաջին ատյանի դատարանի կողմից անթույլատրել էր համարվել, այնուամենայնիվ, դրվել էր վճռի հիմքում:
Տեսանյութը՝ Հելսինկյան ասոցիացիայի