HSBC բանկի աշխատակից, մոտ 3 տարի կալանքի տակ գտնվող Աշոտ Առուշանյանի ծնողները և եղբայրը դադարեցրել են հացադուլը նախագահի նստավայրի դիմաց, սակայն ինքը՝ Աշոտ Առուշանյանը, շարունակում է նոյեմբերի 17-ին հայտարարած հացադուլը մեկուսարանում։
Կալանավորի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն Epress.am֊ի hետ զրույցում ասել է, որ հացադուլը դադարեցնելու պատճառն այն էր, որ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը հանդիպել է ծնողներին ու խոստացել, որ իրենց որդու գործով կլինի արդար դատավճիռ։
«Այդ խոստմանը հավատալ֊չհավատալը սուբյեկտիվ հարց է, մենք առաջին հերթին դատարանից ենք արդարադատություն ակնկալում։ Չնայած չենք բացառում, որ արդարադատությունը կարող է գալ հենց նախագահի ինստիտուտից», ֊ ասել է փաստաբանը։
Առուշանյանի գործով հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 27֊ին, որի ժամանակ շարունակվելու է փաստաբանի ճառը։
Հիշեցնենք, որ Առուշանյանները արդար դատաքննության պահանջով անժամկետ նստացույց էին հայտարարել նոյեմբերի 12-ին։
Աշոտ Առուշանյանն այս տարվա հունիսին դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման։ Համաձայն մեղադրական եզրակացության, 2011թ. նոյեմբերի 21-ին ամբաստանյալ Էդգար Կարաքեշիշյանը կազմակերպել է «Մանանա գրեյն» ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանի մեքենայից 56 միլիոն դրամ գումարի հափշտակությունը, իսկ տեղափոխվող գումարի մասին տեղեկությունը նրան տրամադրել է Առուշանյանը։ Կարաքեշիշյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ Նույն գործով որպես մեղադրյալ անցնում էր նաև Արտաշես Գալուստյանը, ով ազատ է արձակվել ու հետագայում ինքնասպան եղել իր տանը։
Համաձայն երիտասարդի հոր՝ Լավրենտի Առուշանյանի, իր որդու դեմ տրված միակ ցուցմունքը կորզվել է խոշտանգումների միջոցով։ Գործի մանրամասների մասին՝ այստեղ։