Home / Հայաստան / Վայոց ձորում «Աստծո օրհնությամբ» ոսկու ֆաբրիկա են կառուցելու․ գյուղացիները դեմ են

Վայոց ձորում «Աստծո օրհնությամբ» ոսկու ֆաբրիկա են կառուցելու․ գյուղացիները դեմ են

«Վայք գոլդ» ընկերությունը ցանկանում է Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի հարստացուցիչ ֆաբրիկան կառուցել Վայոց ձորի մարզի Արին գյուղի այգիներից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, տեղեկացնում է «Էկոլուր» հասարակական կազմակերպությունը:

ՀԿ֊ին ահազանգած Արինի բնակիչներն օրերս նկատել են, որ իրենց այգիների մոտ տեղադրվել է ցուցանակ, որի վրա գրված է. «Աստծո օրհնությամբ այստեղ 2015 թ֊ին կառուցվելու է Ազատեկի ոսկի֊բազմամետաղային հանքավայրի աջափնյա տեղամասի N1 հանքահարստացուցիչ ֆաբրիկան»:

2azatek

«Մենք անհանգստացած ենք…Մեր այգին մեծ այգի է, ժողովուրդը աշխատում է: Վտանգի տակ են ոչ միայն մեր այգիները, որոնք գտնվում են 500 մետր հեռավորության վրա, այլ հենց անմիջապես ֆաբրիկայի դիմաց կան մի շարք այգիներ՝ 150 մետր հեռավորության վրա 20 հա այգիներ կան, հացահատիկի դաշտեր…Անմիջապես կողքը 15 հա պոպոկի այգի է, իտալացիներն են տնկել, էլի 2 այգիներ կան…Սրանք ջրովի տարածքներ են…Գյուղացիներն ուզում են ծառատունկ անեն, թեկուզ հացահատիկ ցանեն», -ասել է Արին գյուղի բնակիչ Քաջիկ Կոստանյանը՝ նշելով, որ իրենք դեմ են ֆաբրիկայի կառուցմանը, քանի որ գիտակցում են՝ ինչ վտանգներ կարող են առաջանալ:

3azatek

Գյուղացիները նշել են, որ Ազատեկի հանքավայրում արդեն ամսից ավելի է` աշխատանքներ են տարվում:

«Էկոլուրն» ընդգծում է, որ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայն, «Վայք Գոլդ» ՍՊԸ-ն Ազատեկի ոսկի- բազմամետաղային հանքավայրում իրականացնում է պաշարների վերագնահատման աշխատանքներ` առանց ՀՀ բնապահպանության նախարարությանը որևէ փաստաթուղթ ներկայացնելու, ինչը պահանջվում է օրենքով:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն` հանքահարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման նախագիծը նախ պետք է անցնի բնապահպանական փորձաքննություն, պետք է անցկացվեն հասարակական լսումներ, և եթե ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն տա նախագծին, նոր միայն «Վայք Գոլդ»-ն իրավունք կունենա այդ ֆաբրիկան կառուցել: