Վերաքննիչ դատարանն այսօր անփոփոխ է թողել HSBC բանկի նախկին աշխատակից, 5.5 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Առուշանյանի գործով առաջին ատյանի դատարանի վճիռը։ Առուշանյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը վճիռը կանխատեսելի է համարում։ Նրա խոսքով՝ իրենք բողոքարկելու են Վերաքննիչ դատարանի որոշումը, իսկ ներպետական ատյանները սպառելուց հետո դիմելու են Եվրադատարան։
Համաձայն մեղադրական եզրակացության, 2011թ. նոյեմբերի 21-ին Էդգար Կարաքեշիշյանը կազմակերպել է «Մանանա գրեյն» ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանի մեքենայից 56 միլիոն դրամ գումարի հափշտակությունը, իսկ տեղափոխվող գումարի մասին տեղեկությունը նրան տրամադրել է Առուշանյանը։
Առուշանյանի հարազատները արդար դատաքննության պահանջով նախագահական նստավայրի դիմացի մայթին նոյեմբերի 12-ին անժամկետ նստացույց և հացադուլ էին հայտարարել, սակայն մի քանի օրից դադարեցրել ակցիան։
Լիպարիտ Սիմոնյանն Epress.am֊ի hետ զրույցում ասել էր, որ ծնողների հացադուլը դադարեցնելու պատճառն այն էր, որ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը հանդիպել է ծնողներին ու խոստացել, որ իրենց որդու գործով կլինի արդար դատավճիռ։
Համաձայն երիտասարդի հոր՝ Լավրենտի Առուշանյանի, իր որդու դեմ տրված միակ ցուցմունքը կորզվել է խոշտանգումների միջոցով։ Գործի մանրամասների մասին՝ այստեղ։