Այսօր «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Շիրակի մարզի Շիրակ գյուղի 2 բնակիչներ, ովքեր փորձել են նետվել Կիևյան կամրջից։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը (shamshyan.com), «Արմենիա» ԲԿ տեղափոխվածները եղբայրներ են՝ 27-ամյա Գեղամը և 21-ամյա Դավիթը: Երբ վերջիններս կանգնած են եղել կամրջի վրա (Դավիթն արդեն անցած է եղել կամրջի վտանգավոր եզրագիծը), նրանց մոտեցել է Աշոտ անունով մի քաղաքացի և մեկ այլ քաղաքացի, ովքեր որոշ ժամանակ համոզել են եղբայրներին, որպեսզի նրանք այդ քայլին չդիմեն, մինչև ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները, ովքեր եղբայրներին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գեղամն ամուսնացած է, ունի 1 տարեկան երեխա, ծնողներն էլ առողջական խնդիրներ ունեն: Նրանց ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում: 1 շաբաթ առաջ եղբայրներից մեկն արդեն փորձել էր Դավիթաշենի կարջից ցած նետվել, սակայն այն կանխել էին փրկարարներն ու քաղաքացիները: Եղբայրներն իրենց այս քայլը պատճառաբանում են նրանով, որ տարիներ առաջ` Մատաղիսի զորամասում ծառայության ընթացքում, քննիչը ստիպել է Դավիթին Մատաղիսում տեղի ունեցած միջադեպի փաստով ակնհայտ սուտ ցուցմունք տալ, որի հետևանքով էլ անմեղ մարդը 6 տարվա ազատազրկման է դատապարտվել: Իրենք դիմել են բազմաթիվ ատյաններ, սակայն ոչ մի արդյունքի չեն հասել, և այդ ամենից ելնելով՝ փորձում են դիմել ծայրահեղ այդ քայլին: