ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) ներկայացուցիչների մեծամասնությունը դեմ է քվեարկել ԱԱԾ-ն հանձնաժողովի անդամ դարձնելու առաջարկին։ Հանձնաժողովն առողջապահության ոլորտում միջոցառումներ կազմակերպող պետական և հասարակական կառույցներից կազմված մարմին է, ու դրա գործունեությունը միջազգային «Գլոբալ» հիմնադրամից գրանտներ ստանալու նախապայմաններից մեկն է: Հանձնաժողովը ծրագրեր է ներկայացնում և հիմնադրամից գումարներ ստանում՝ այդ ծրագրերն իրագործելու համար:
ՄՀՀ-ն այսօր քննարկել է կազմը փոփոխելու հարցը, նիստը վարել է Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը։ Վերջինս, կազմը փոփոխելու առաջարկ անելով, նշել է, որ ԱԱԾ-ն նախկինում հանձնաժողովի մաս է կազմել, սակայն, իր համար անհասկանալի պատճառներով, վերջերս դուրս է մնացել ՄՀՀ-ից և պետք է վերականգնի իր տեղը։
ՄՀՀ անդամ, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ղեկավար Լարիսա Մինասյանը դեմ է եղել Պողոսյանի առաջարկին:
«ԱԱԾ-ի մասին ՀՀ օրենքով այդ մարմիններն իրականացնում են հետախուզական, հակահետախուզական գործուներություն, հանցագործությունների դեմ պայքար և սահմանների պաշտպանություն։ Նշվածներից ո՞ր գործառույթն է ԱԱԾ-ն իրականցնելու հանձնաժողովում», – հարցրել է Լարիսա Մինասյանը։
«Բոլոր», – ֊պաստախանել է փոխնախարարը։ Ճշտող հարցին, թե արդյո՞ք ՄՀՀ-ի անդամների նկատմամբ է ԱԱԾ այդ գործառույթները իրականացնելու, Պողոսյանը պատասխանել է. «ԱԱԾ-ն բոլոր կառույցներում էլ ներկա է։ Երկրի անվտանգության խնդիր է։ Այս հիվանդությունների՝ ՁԻԱՀ-ի, ՄԻԱՎ-ի, տուբերկուլյոզի դեմ պայքարն ազգային անվտանգության հարց է»:
Ինչևէ, քվեարկությանը մասնակցող հայաստանյան ՀԿ-ները և միջազգային կառույցների ներկայացուցիչները դեմ են եղել ԱԱԾ-ին հանձնաժողովի անդամ դարձնելուն և առաջարկը չի անցել 8 դեմ-7 կողմ ձայների համամասնությամբ: Որպես պետական հատվածը ներկայացնող կառույց ԱԱԾ-ի փոխարեն ընտրվել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը։
Քվեարկության ավարտից հետո, սակայն, ԱԱԾ-ին ներգրավելու խնդիրը կրկին բարձրացրել է ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը։ Նա ասել է, որ պետությունը ինքը պետք է որոշի՝ որ նախարարություններն ու որ մարմինները պետք է ներկայացված լինեն հանձնաժողովում: Գրիգորյանի խոսքով՝ անարդար է, որ միջազգային կազմակերպություններն ու ՀԿ-ներն իրավունք ունեն որոշելու, թե իրենցից որ 3-ն են մնալու ՄՀՀ-ում, մինչդեռ պետությունը ներկայացնողների համար քվեարկում են բոլորը։ Ներկայումս Գրիգորյանը հանձնաժողովի անդամ չէ, նախկինում նա եղել է ՄՀՀ-ի կազմում։ Epress.am-ի լրագրողի հետ զրույցում նա ասել է, որ ինքը որոշումը վերանայելու առաջարկը ներկայացնում է որպես դիտորդ։
Առողջապահության փոխնախարարը խոստացել է, որ քարտուղարությունը կճշտի, թե ինչպես վարվել այս հարցի հետ՝ «Գլոբալ» հիմնադրամի հետ խորհրդակցելով։ Այսինքն՝ ԱԱԾ-ի անդամության հարցը վերջնականապես փակ համարել չի կարելի։
Լուսանկարը՝ nss.am