Home / Հայաստան / Լուծարված ընկերության աշխատողները նախագահականի մոտ պահանջել են վճարել պարտքերը

Լուծարված ընկերության աշխատողները նախագահականի մոտ պահանջել են վճարել պարտքերը

«Կենտրոն Մաքրություն» ընկերությունը լուծարվել է 2014 թվականի դեկտեմբերի 1-ին, ընկերության 315 աշխատակիցներին այդ մասին հայտնել են դեկտեմբերի 20-ին, սակայն մինչ օրս նրանց վերջնահաշվարկ չեն տվել:

Աշխատողները 100 հազար դրամից մինչև 700 հազար դրամ վերջնահաշվարկները ստանալու պահանջով այսօր հավաքվել են նախագահական նստավայրի մոտ: Ընկերության նախկին աշխատակից, ազատամարտիկ Հայկ Աղեկյանը Epress.am-ին պատմել է, որ իրենց վերջնահաշվարկը չեն ցանկանում տալ. քաղաքապետարանում խոստացել էին վերջնահաշվարկը մարել մինչև 2015 թվականի հունվարի 20-ը, այսօր, սակայն, արդեն հունվարի 22-ն է։

Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ իրենցից շատերը արձակուրդ չեն գնացել և պետք է հաշվարկվեն նաև նրանց արձակուրդայինները:

Աղեկյանը նշել է, որ Երևանի Կենտրոն համայնքի մաքրության ապահովումն այժմ հանձնվել է ասիական ընկերությանը, այդ իսկ պատճառով իրենք անգործ են մնացել:

1sanitek

Նախագահական նստավայրի նամակների և ընդունելությունների բաժնի ղեկավար Աիդա Ասատրյանը ակցիայի մասնակիցներին ասել է, որ հարցը Երևանի քաղաքապետարանին է վերաբերում, և բողոքողները պետք է այնտեղ դիմեն։

Նախագահականի մոտ է ժամանել քաղաքապետարանի աշխատակիցներից մեկն ու հավաքվածներին խնդրել դադարեցնել ակցիան։ Նա վստահեցրել է, որ վերջնահաշվարկները տրվելու են, բայց ընկերության լուծարման գործընթացի ավարտից հետո։

Նրա խոսքով՝ գործընթացը քաղաքապետարանում սկսվելու է փետրվարի 10֊ին։