հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Պերմյակովն ապօրինի է պահվում ռազմաբազայում․ եզրակացություն Կոստանյանի պատասխանից

Պերմյակովն ապօրինի է պահվում ռազմաբազայում․ եզրակացություն Կոստանյանի պատասխանից

Այսօր Ազգային ժողովում Գյումրիի սպանության վերաբերյալ ընթացող խորհրդարանական լսումների ժամանակ պատգամավորների հարցերին պատասխանել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, սակայն մի քանի պատգամավորներ պահանջել են Ազգային ժողով հրավիրել ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանին, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։

Մասնավորապես, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Ալեքսանդր Արզումանյանը նշել են, որ եթե Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովը հայ֊թուրքական սահմանը հատելու փորձ է արել, ապա այդ առնչությամբ պետք է քրեական գործ հարուցվեր, իսկ սահմանը հատելու փորձի հետ կապված պարզաբանումներ պետք է ներկայացնի ԱԱԾ պետը։

Արզումանյանն ընդգծել է, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պարտավոր է բացատրություն տալ, թե ինչու ոստիկանները չեն կանգնեցրել մեքենան, որով Պերմյակովին տեղափոխել են 102-րդ ռուսական ռազմաբազա՝ հայաստանցի իրավապահներին հանձնելու փոխարեն։ Ըստ նրա՝ ոստիկանները անգործություն են ցուցաբերել։

Պատգամավորները նշել են նաև, որ Գյումրիի սպանության գործում խախտվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված միջազգային պայմանագիրը, ուստի, նրանց կարծիքով, ԱԺ֊ում պարտադիր է Էդվարդ Նալբանդյանի ներկայությունը։

Դահլիճում ներկաները Գևորգ Կոստանյանից հետաքրքրվել են, թե արդյոք վերջինս դիմել է ՌԴ դատախազություն՝ Պերմյակովին հայաստանյան իրավասու մարմիններին հանձնելու պահանջով։ Գլխավոր դատախազը նշել է, որ անպայման դիմելու է ոչ թե նրա համար, որ Գյումրիում նման խոստում է տվել, այլ դա իր պարտականությունն է։ Կոստանյանն ավելացրել է, որ դիմելը ինքնանպատակ չէ և պետք է սպասել քննչական գործողությունների ավարտին։

Նիկոլ Փաշինյանը հարցրել է դատախազին, թե արդյոք, ըստ միջազգային պայմանագրի, ռուսաստանցի սահմանանները պարտավոր էին ՀՀ իրավասու մարմիններին հայտնել սահմանը խախտելու փորձի մասին և հանձնել փորձ անողին, ինչին Կոստանյանը դրական պատասխան է տվել։ Փաշինյանի ևս մեկ հարցին՝ արդյոք Պերմյակովի դեպքում ռուսաստանցի սահմանապահները հայտնել են սահմանը հատելու փորձի մասին հայաստանցի իրավապահներին, դատախազը չի պատասխանել՝ ասելով, որ դա քրեական գործի նյութ է։

Այդ պատճառաբանությամբ Կոստանյանը հրաժարվել է պատասխանել պատգամավորների մեծամասնության հարցերին։

Լսումներից հետո Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ Կոստանյանը տվել է խախտման իր համար երկու կարևոր հարցերի պատասխանները։

«Այսինքն, Պերմյակովը ռուսական ռազմաբազայի տարածքում է գտնվում ապօրինի կերպով և պետք է փոխանցվի Հայաստանին», ֊ գրել է Փաշինյանը։