Փետրվարի 9-ին, ժամը 05.00-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր մեկնած փրկարարները բնակարանից ծխահարված, այրվածքներով և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դուրս են բերել 47-ամյա Ա․ Ն․֊ին (մայրը) և նրա 9-ամյա որդուն Ֆ. Ն.-ին, ովքեր հոսպիտալացվել են «Սուրբ Գրրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: News.am-ի թղթակցի հետ զրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Գագիկ Մանուկյանն ասել է, որ մայրը երեխային ծեծել է, այնուհետև բենզինը լցրել վրան ու այրել:
Բժիշկը նշել է, որ նյարդավիրաբույժը վիրահատել է երեխայի գանգաթաղը, այժմ երեխան գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն ծանր է, գիտակցական էլեմենտներ կան: Դրանից բացի, երեխայի աջ ոտքն է այրված: Հիվանդանոց տեղափոխված երեխայի մոր մոտ էլ առկա են այրվածքներ. նրան ուղարկել են Այրվածքաբանության կենտրոն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հրշեջները մորն ու տղային դուրս բերելուց հետո մարել են կրակը, որից հետո տան պատին հայտնաբերել են երկտող, որտեղ գրված է. «Մեր մահվան պատճառը էդ սրիկան է»:
Հարևանները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին, որ կնոջ ամուսինն արտագնա աշխատանքի նպատակով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ կինն էլ ամեն անգամ ասում էր. «Վնասելու եմ տղայիս ու այնպես եմ անելու, որ եթե ամուսինս գա, ուրախություն չապրի, նա պիտի տղայիս չտեսնի»: