Home / Տեսանյութեր / Պետք է վերցնել նետված ձեռնոցը․ ակցիա ի զորակցություն ծեծված երիտասարդի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պետք է վերցնել նետված ձեռնոցը․ ակցիա ի զորակցություն ծեծված երիտասարդի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քանի դեռ հասարակությունը հակահարված չի տվել իշխանությունների բռնության գործելաոճին, մարդկանց ծեծի ենթարկելու դեպքերը շարունակական են լինելու։ Այս մասին ասել է ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ ի զորակցություն ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի կազմակերպված ակցիայի ընթացքում։ Արտակ Խաչատրյանն անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել շաբաթ օրը, հարուցվել է քրեական գործ, ԲՀԿ֊ականը տուժող է ճանաչվել։

Ըստ Մանուկյանի՝ հասարակությունը պետք է վերցնի իրեն նետված ձեռնոցը, բայց մարդիկ պետք է հակահարված տան ոչ թե իշխանությունների նման՝ բռնի մեթոդներով, այլ` քաղաքացիական և քաղաքական ուժերի համախմբմամբ։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ակնհայտ է համարել, որ Արտակ Խաչատրյանի վրա հարձակումը քաղաքական բնույթ ունի, և դա տեղի է ունեցել նրանից հետո, երբ երիտասարդը միացել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող ձեռներեցներին։

Զոհրաբյանն ընդգծել է, որ նման դեպքերն իրականում չբացահայտված են մնում՝ որպես օրինակ նշելով Արամ Մանուկյանի վրա հարձակումը, երբ հարձակման մեջ մեղադրվող անձի ի հայտ գալուց հետո ներկայացված շարժառիթն ամենևին էլ արժանահավատ չէր։

1artak

Հարձակման ենթարկվածի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը, ասել է, որ հարձակումը կապում է եղբոր՝ «Կասեցում» շարժմանը մասնակցելու, այլ ոչ թե նրա՝ ԲՀԿ֊ական լինելու հետ: Նա ասել է, որ այսօր Արտակ Խաչատրյանն արդեն ի վիճակի է ցուցմունք տալ։

Նշենք, որ ակցիային ներկա են ձեռներեցների բողոքի ցույցերի տասնյակ մասնակիցներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ։ Մասնակիցներից շատերը «Մենք բոլորս Արտակ ենք» գրությամբ պաստառներ են պահել։

Մոտ կես ժամ կառավարության շենքի մոտ մնալով՝ հավաքվածները երթ են սկսել դեպի ոստիկանություն և դատախազություն՝ մեղավորներին բացահայտելու և արդար քննություն իրականացնելու պահանջով։