հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Գյուղատնտեսը պնդում է՝ «Գազպրոմ Արմենիան» կեղծիքով է դատը շահել․ գործը ՄԻԵԴ֊ում է

Գյուղատնտեսը պնդում է՝ «Գազպրոմ Արմենիան» կեղծիքով է դատը շահել․ գործը ՄԻԵԴ֊ում է

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել գյուղատնտես Սամվել Հարությունյանի՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության դեմ բերված բողոքը: Զուգահեռաբար, Հարությունյանը դիմել է նաև ՀՀ դատարան․ իր հայցում գյուղատնտեսը պնդում է, որ գազամատակարարող ընկերությունը թույլ է տվել պաշտոնեական կեղծիք, որի շնորհիվ էլ Վերաքննիչ դատարանը ընկերության օգտին վճիռ է կայացրել:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Հարությունյանի օգտին վճիռ էր կայացրել՝ օրինական համարելով գյուղատնտեսի պնդումը, որ «Գազպրոմ Արմենիան» պայմանագրի խախտմամբ է կասեցրել իր գազամատակարարումը, ինչի հետևանքով ջերմոցում բերքը ցրտահարվել է և Հարությունյանին 4 միլիոն 400 հազար դրամի վնաս է պատճառվել։

«Ես շահել եմ գործը առաջին ատյանում։ Վերաքննիչ բողոքելով՝ «Գազպրոմ Արմենիան» ներկայացրել է մեր պայմանագրի բնօրինակ էլ չէ, այլ դրա պատճենի հիման վրա արված կեղծիք: Վերաքննիչ դատարանը բավարարել է նրանց բողոքը: Ես Վճռաբեկ դատարան եմ ներկայացրել նաև Արդարադատության նախարարությանը կից փորձագիտական կենտրոնի եզրակացությունը, որն ապացուցում է, որ փաստաթուղթը կեղծված է: Վճռաբեկը նույնիսկ վարույթ չընդունեց: Իսկ ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Սամվել Հարությունյանը:

Գյուղատնտեսը դիմել է նաև ոստիկանություն՝ «Գազպրոմ Արմենիայի» կողմից կեղծիք կատարելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով:

«10 օր ժամկետում պատասխանելու փոխարեն, 11 ամիս քաշքշեցին, վերջում քննիչը կարճեց գործը: Քննիչը նույնիսկ որոշման հիմքերը չի տրամադրել: Ես դիմել եմ առաջին ատյանի դատարան: 5 նիստ արդեն եղել է, գոնե դատարանի միջոցով ես ստանամ քննիչի որոշման հիմքերը, որպեսզի շարունակեմ գործընթացը», – ասել է Սամվել Հարությունյանը: