Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է գյուղատնտես Սամվել Հարությունյանի բողոքը ոստիկանության և դատախազության դեմ: Լոռու մարզի Գարգառ համայնքի բնակիչ Սամվել Հարությունյանը վիճարկում էր նշված մարմինների անգործությունը:
Հարությունյանն ավելի վաղ դիմել էր իրավապահ մարմիններին՝ տրամադրելով «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի (հունվարին վերանվանվել է «Գազպրոմ Արմենիա») կողմից ներկայացված պայմանագիրը, դրա կեղծված լինելու մասին Արդարադատության նախարարության փորձագիտական ՊՈԱԿ-ի արձանագրությունը, սակայն պաշտոնական փաստաթղթի կեղծված լինելու փաստով քրեական գործ չէր հարուցվել:
«Կեղծված պայմանագիր ներկայացնելով՝ «Հայռուսգազարդ»-ը բողոքարկեց առաջին ատյանի դատարանի իր դեմ կայացրած որոշումը և, փաստորեն, շահեց: Հետո մենք դիմեցինք Վճռաբեկ դատարան, սակայն նույնիսկ վարույթ չընդունեցին, մինչդեռ արդեն կար փորձագետի արձանագրությունը, որ փաստաթուղթը կեղծել էին»,- Epress.am-ի հետ զրույցում պատմել է Սամվել Հարությունյանը:
Գործարարը «Հայռուսգազարդ»-ի դեմ բողոքը շահել էր առաջին ատյանում։ Գյուղատնտեսը պնդում է, որ գազի մատակարարումը անօրինական կասեցնելու պատճառով ինքը վնաս է կրել: Դատարանը որոշել էր ընկերությունից բռնագանձել 45 միլիոն դրամ:
Հարությունյանի գնահատմամբ՝ հետագայում կեղծ պայմանագրով «Հայռուսգազարդ»-ը փորձում է ապացուցել, թե ինքը՝ Հարությունյանը, հրաժարվել էր 2008 թվականի ապրիլ-հոկտեմբեր ամիսներին գազ ստանալուց:
«Առաջին ատյանում «Հայռուսգազարդ»-ը ոչ մի առարկություն չի ներկայացրել պայմանագրի իմ օրինակի մասով: Որևէ խոսք չի ասել այն մասին, թե իբր այդ պայմանագիրը հետագայում հեռախոսազանգով փոխել ենք, ինչը ասում է հիմա ոստիկանությունում: Հիմա ասում են՝ զանգել ենք, դուք ասել եք, որ այդ ամիսներին չեք ուզում գազ, մենք էլ փոխել ենք: Ինչպե՞ս կարելի է արդեն կնքված և ստորագրված պայմանագիրը հեռախոսազանգով փոխել: Նման դեպքերում նոր պայմանագիր է կնքվում: Այս անհեթեթ պատճառաբանությունը ոստիկանությունը և դատախազությունը ընդունել են»,- ասել է Հարությունյանը:
Այժմ գործարարը պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան:
Նա դիմել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, նամակ է պատրաստել նախագահի նստավայր բերելու համար և պատրաստ է պայքարել իր վնասը փոխհատուցելու համար՝ հասնելով մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան: