«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» հասարակական կազմակերպությունն այսօր Վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել` պահանջելով պարտավորեցնել դատախազությանը, որպեսզի վերջինս տրամադրի ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային ուղղված նամակի պատճենը: Ավելի վաղ դատախազությունը տեղեկացրել էր, որ Կոստանյանը դիմել է Չայկային՝ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ:
ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենք փետրվարի 4-ին նամակը տրամադրելու խնդրանքով դիմել են անմիջապես Դատախազությանը:
«Ու թեև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը ենթադրում է, որ հարցված տեղեկությունները պետք է տրամադրվեն 5-օրյա ժամկետում, դատախազությունն առ այսօր չի տրամադրել պատասխանը»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Գյումրիում դատախազության շենքի մոտ հավաքված հազարավոր մարդիկ պահանջել էին Գևորգ Կոստանյանից դիմել ռուսաստանյան կողմին՝ գործը ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու պահանջով։ Դատախազը խոստացել էր կատարել պահանջը, սակայն ժամկետներ չէր նշել։
Ավելի ուշ Ազգային Ժողովում պատգամավորների հետ քննարկման ժամանակ Կոստանյանը հայտարարել էր, որ դիմելու է ռուսական կողմին ոչ թե նրա համար, որ Գյումրիում նման խոստում է տվել, այլ քանի որ դա իր պարտականությունն է։