Այս տարի Լեռնային Ղարաբաղում պատերազմ կլինի՞։ 1994 թվականի հրադադարից ի վեր ամեն տարի այդ հարցի պատասխանը եղել է «ոչ»։ Հայերն ու ադրբեջանցիներն այսպես կոչված շփման գծի երկայնքով կրակ ու սպառնալիքներ են փոխանակել։ Կողմերից ոչ մեկը, սակայն, իրավիճակն ավելի խորացնելու ցանկություն չի դրսևորել, «Ղարաբաղյան հրադարը վտանգված է» հոդվածում գրում է Կարնեգիի Հանուն խաղաղության Միջազգային հիմնադրամի բրիտանացի վերլուծաբան Թոմաս դե Վաալը:
Նրա խոսքով՝ այս տարի ազդանշաններն ավելի տագնապալի են․ Մյունխենի անվտանգության հարցերով կոնֆերանսի ժամանակ ԵԱՀԿ֊ն հանդես է եկել երկու շաբաթվա ընթացքում իր երրորդ՝ մտահոգություն արտահայտող հայտարարությամբ։
Վերլուծաբանն ընդգծում է, որ հրադադարի գոտում հունվարը սովորաբար հանգիստ ամիս է, այս տարի, սակայն, 12 հոգի զոհվել է, 18֊ը՝ վիրավորվել։
«Պատերազմից խուսափելու հիմնական փաստարկները նույնն են՝ այն բոլորին աղետալի վնաս կհասցնի։ Հայկական կողմը 1994֊ին ստացել է իր ուզածի մեծ մասը։ Ադրբեջանը, որպես պատերազմի պարտված կողմ, այն վերսկսելու ավելի շատ պատճառներ ունի՝ փորձել վերադարձնել հողերը, որոնք կազմում են երկրի դե յուրե տարածքի շուրջ 14 տոկոսը։ Դա, սակայն, կարող է շատ վտանգավոր լինել։ Հաշվի առնելով լեռնային տեղանքն ու Հայաստանի պաշտպանական ուժերի առկայությունը՝ գործողությունը կարող է հեշտությամբ տապալվել։ Դրա հետևանքով ոչ միայն Ղարաբաղի շուրջ ականապատ տարածքներում կարող են զոհվել հազարավոր երիտասարդներ, այլև կարող է վտանգվել իշխող վերնախավի գոյությունը»,֊ գրում է դե Վաալը՝ նշելով, որ Բաքվի համար ավելի ձեռնտու է սպառնալ, քան իրական գործողությունների դիմել։
Փորձագետը, հղում կատարելով լրագրող Էմիլ Սանամյանին, գրում է, որ 2014֊ին շփման գծում զոհվել է 72 մարդ՝ 39 ադրբեջանցի և 33 հայ՝ տարին դարձնելով հրադադարից ի վեր վատթարագույնը։
Դե Վաալն անդրադարձել է նաև 2014թ․ նոյեմբերին ադրբեջանցիների կողմից հայկական ուղղաթիռի կործանմանը, որի հետևանքով զոհվել են 3 զինծառայողներ՝ նշելով, որ ուղղաթիռը չէր հարձակվում ադրբեջանական դիրքերի վրա, սակայն, ըստ երևույթին, խախտել էր թռիչքների համար արգելված 5 կիլոմետրանոց տարածքը, որի շուրջ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել։
«Ավելին, բռնությունը Ղարաբաղից տարածվել է հայ֊ադրբեջանական սահմանին։ Եթե հակամարտությունը երբևէ վերսկսվի, ապա այն կլինի լայնամասշտաբ պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Ադրբեջանական կողմը ռազմական տեսանկյունից շատ ավելի ուժեղ է, քան տասը տարի առաջ էր, ու հրադադարի գիծը, կարելի է ասել, միակ վայրն է, որտեղ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու ինչ֊որ լծակներ ունի։ Տարիների ընթացքում, ադրբեջանցի պաշտոնյաները մերժել են հրադադարի ռեժիմն ամրապնդելու բոլոր առաջարկությունները, օրինակ, դուրս բերել դիպուկահարներին շփման գծից ու ներդնել միջադեպերը հետաքննող մեխանիզմ՝ հայտարարելով, որ դա կամրապնդեր ստատուս քվոն, ինչն անընդունելի է»,֊ նշում է դե Վաալը։
Վերլուծաբանը հիշեցնում է, որ հունվարի 27֊ին ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները քննադատությամբ հանդես եկան Բաքվի հասցեին՝ ասելով, որ Ադրբեջանը պետք է հավատարիմ մնա հակամարտության խաղաղ կարգավորմանը։
«Ի պատասխան՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմեց Հայաստանին՝ կոչ անելով դադարեցնել օկուպացիան։ Ալիևի խոսքով՝ խաղաղությունը, համագործակցությունն ու հաշտեցումը տեղի կունենան, երբ Հայաստանը վերջ տա օկուպացիային։ Հայկական կողմն, իր հերթին, Բաքվին, աշխարհին ու իր հանրությանը պարբերաբար հիշեցնում է, որ Հայաստանը հզոր ռազմական ուժ ունի ու կարող է իր սեփական գործողությունները ծավալել։ Հենց դա էլ տեղի ունեցավ անցած տարվա հուլիսի 31֊ին․ Ադրբեջանի կողմից բազմաթիվ փոքր միջադեպերից հետո, հայերը գործողություն ձեռնարկեցին ադրբեջանական դիրքերի երեք ուղղություններով, ինչը սկիզբ դրեց արյունահեղությամբ լի սարսափելի շաբաթի։ Իսկ վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախազգուշացրեց, որ «մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը»։
Այս ամենը Ղարաբաղի շուրջ իրավիճակն ավելի վտանգավոր է դարձնում ՝ նույնիսկ չանդրադառնալով Ուկրաինայի իրադարձություններին ու մռայլ աշխարհաքաղաքական համատեքստին: Պետք է շտապ ուշադրություն դարձնել [իրավիճակին] ու թուլացնել լարվածությունը մինչև գարուն և թեժ ու պոտենցիալ վտանգավոր ամառ»,֊ եզրափակում է դե Վաալը։