Անցյալ տարվա վերջին լուծարված «Կենտրոն Մաքրություն» ընկերության նախկին աշխատակիցներն այսօր նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել: Նրանք անգործ են մնացել նախորդ տարվա դեկտեմբերից, սակայն մինչ օրս վերջնահաշվարկը չեն ստացել:
«Երեք ամիս է տանում֊բերում են քաղաքապետարան, թաղապետարան: Մենք լրիվ մեր հույսը կտրել ենք թաղապետարանից, դրա համար եկել ենք մեր նախագահից ենք խնդրում մեր փողերը տան մեզ: Եթե չէ, մենք չունենք նախագահ, կդիմենք, Ռուսաստանի, ԱՄՆ-ի նախագահներին»,-ասել է ընկերության նախկին աշխատակիցներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ:
Բողոքի ակցիայի մասնակիցներն ասել են, որ ընկերությունը իրենց տարիներ շարունակ արձակուրդի հնարավորություն չի տվել, ասել են՝ չունենք արձակուրդայինի գումար:
«Մեր մեջ կան մարդիկ, որ աշխատել են 10 տարի անդադար և մեծ գումարներ ունեն ստանալու: Օրինակ, ես ունեմ 689 հազար դրամ ստանալու գումար», – նշել է բողոքի ակցիայի մասնակից մի տղամարդ:
Նախագահական նստավայրի աշխատակիցներից մեկը, ով հրաժարվել է ներկայանալ, բողոքողների հետ զրույցում ասել է, որ «Կենտրոն Մաքրություն» ընկերության աշխատողների հարցով թաղապետարանում հանձնաժողով է ստեղծվել:
Նա խորհուրդ է տվել գնալ թաղապետարան, ոչ թե նախագահականի դիմաց շարունակել ակցիան:
«Մեզ ասում են դիմում գրի, թե ինչքան գումար են քեզ պարտք: Իբր իրենք չգիտե՞ն: Եթե գրենք երկու միլիոն, տալո՞ւ են: Միևնույն է, նայելու, հաշվարկելու են, չէ՞: Ուղղակի սա հերթական փորձն է մեզ խաբելու»,-ասել է ակցիային մասնակցող մի կին:
«Կենտրոն Մաքրության» նախկին աշխատողները մտավախություն ունեն, որ իրենց հետ կվարվեն «Նաիրիտ»-ի աշխատողների նման, այսինքն՝ կասեն, որ գումարները հնարավոր չի վճարել, քանի դեռ չի վաճառվել լուծարված ընկերության գույքը:
Նշենք, որ «Կենտրոն Մաքրություն» ընկերությունը լուծարվել է 2014 թվականի դեկտեմբերի 1-ին, ընկերության 315 աշխատակիցներին այդ մասին հայտնել են դեկտեմբերի 20-ին, սակայն մինչ օրս գումարները չեն վճարել։