Home / Տեսանյութեր / «Իրավունք»-ի գործը վճռվա՞ծ է որոշումը հրապարակելուց առաջ

«Իրավունք»-ի գործը վճռվա՞ծ է որոշումը հրապարակելուց առաջ

Ընդամենն իր մեկ հարցով դատավոր Նախշուն Տավարացյանը (լուսանկարում) ցույց տվեց, որ «Իրավունք»-ի գործով* վճիռը դատարանն իր համար արդեն կայացրել է.

«Կոնչիտան գիտի՞, որ իրան էսքան պաշտպանում եք», – Երևանում Վերաքննիչ դատարանի նիստի ավարտից հետո դատավորի հռետորական այդ հարցն արդեն իսկ այս գործի հանդեպ դատարանի նախատրամադրվածության վառ վկայությունն էր:

Հայաստանում արդարադատությունն օրենքով շարժվելու փոխարեն հաշվի է առնում ավանդական կաղապարներն ու արմատացած համոզումը, թե այս երկրում «կոնչիտաներ»-ն օրենքից դուրս են,  պաշտպանվելու իրավունք չունեն կամ դրան արժանի չեն: Տարբերվո՞ւմ ես մեզնից, ուրեմն ՀՀ անձնագիրդ չի ապահովում քո իրավունքների՝ օրենքով նույնիսկ սահմանված պաշտպանությունը: Մյուսը կարող է վիրավորել, զրպարտել, գուցե նաև սպանե՞լ, բայց միևնույն է՝ դատարանը լիիրավ քաղաքացի չի համարում նրանց:

Հենց դա է պատճառը, որ նախորդ ատյանի դատարանը վիրավորանք չէր որակել «Իրավունք» թերթում արված «զոմբի», «հայրենիքի թշնամի» պիտակները, այլ խոսքի ազատության դրսևորում էր համարել: Որովհետև Հայաստան իրավական պետությունում չգրված օրենքի ուժով համարվում է, որ բոլորն ունեն «կոնչիտաներին» և նրանց պաշտպանողներին վիրավորելու ազատություն: 

Այս գործն առնչություն չունի Կոնչիտայի հետ, և դատավորն էլ՝ ձեռքի տակ ունենալով բոլոր փաստաթղթերն ու շատ լավ տեղյակ լինելով, որ նա այս դատաքննության հետ որևէ անմիջական կապ չունի, ամեն դեպքում, նման հարց է տալիս: Հայցվորները դատարանում ոչ թե Կոնչիտային, այլ իրենց պատիվն ու արժանապատվությունն են պաշտպանում հրապարակային վիրավորանքից: Խնդիրն այն է, որ դատարանն էն գլխից համաձայն է հայցվորների հասցեին «Իրավունք»-ի արած որակումների հետ, համաձայն է նաև «Իրավունքի» հրապարակային կոչին՝ այն մարդկանց, որոնց անունները հրապարակել է թերթը, աշխատանքի չընդունել: Վերջին հաշվով, դատարանը՝ թերևս ոչ պատահականորեն, փորձում է դեպի իր ուզած տեղն ուղղորդել պատվի և արժանապատվության վերականգնման պահանջով հայցը: 

Հայցվորներից բժիշկ Վարդան Համբարձումյանը նշեց, որ նա համոզված է, որ իրեն աշխատանքի, հատկապես՝ պետական սեկտոր, չեն ընդունում «Իրավունք»-ի այդ հրապարակման պատճառով: Այսինքն, եթե այս պետությունը քեզ կրթություն է տվել, և դու ունակ ես քո գիտելիքներն ի սպաս դնելու պետությանը, հասարակությանը, մարդկանց կյանքեր փրկելու քո մասնագիտությամբ, դա չպետք է անես, քանի որ քննադատել ես Ինգա և Անուշ Արշակյաններին՝ Կոնչիտայի մասին վատ արտահայտվելու համար, և «Իրավունք» թերթն, օգտվելով իր «խոսքի ազատությունից», զրկել է քեզ մասնագիտական գործուենությունից:   

Բուն գործի հետ կապ չունեցող անունը մեջտեղ բերելով՝ խախտվել են նաև դատավորների վարքագծի 4 կանոններ (1,2,7,16), որոնք վերաբերում են դատարանի կողմից արդարադատության համակարգի նկատմամբ հասարակության վստահությանը, ինչպես նաև գործի լուծման կանխորոշվածության տպավորություն ստեղծելուն: 

Հնարավո՞ր է, որ այս ենթադրությունները սխալ լինեն: Կերևա մարտի 5-ին, ժամը 12:58-ին:  

*«Իրավունք» թերթը 2014թ. հոդված է հրապարակել «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով, որում ներկայացված էր 60 անձանց անուններից բաղկացած սև ցուցակ և որում կոչ է արվում այդ մարդկանց նկատմամբ «զրո հանդուրժողականություն» ցուցաբերել, աշխատանքի չընդունել, հեռացնել պետական ծառայությունից ու տեսնելիս չբարևել, ինչպես նաև անվանել էր նրանց «զոմբի», «հայրենիքի թշնամի»: «Իրավունք»-ն այդ մարդկանց անունները կազմել էր՝ առաջնորդվելով նրանով, որ «Ազատություն» ռ/կ «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ժամանակ նրանք քննադատել էին երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյաններին՝ ավստրիացի երգչուհի Կոնչիտա Վուրստի նկատմամբ իրենց «զզվանքն» արտահայտելու համար: Այդ 60 անձանցից 16-ը միասնական հայցով իրենց պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար դատարան էին դիմել, սակայն դատարանը հայցը չէր բավարարել՝ վկայակոչելով խոսքի ազատության իրավունքը: Քաղաքացիները վճիռը բողոքարկել են վերաքննիչ դատարանում, որի որոշումը կնթերցվի մարտի 5-ին: 

Հովհաննես Իշխանյան

Tekali Taxi