76-ամյա Զինաիդա Գյոզալյանի և «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի նկատմամբ բռնություն գործադրելու առթիվ ՀՔԾ-ն քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում էր ընդունել, ինչից հետո Մարինա Պողոսյանը բողոքարկել է որոշումը։ Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ հանձին դատավոր Լևոն Ավետիսյանի, մերժել է բողոքը՝ այն համարելով անհիմն:
Ըստ Պողոսյանի՝ 2014 թվականի մարտի 17-ին ԴԱՀԿԾ աշխատակիցներն Աբովյան փողոցի կտորեղենի խանութում բնակվող ընտանիքին վտարելու ժամանակ նախ բռնություններ են կիրառել 75-ամյա Զինաիդա Գյոզալյանի նկատմամբ, ապա, երբ ինքը փորձել է միջամտել, իրեն կողպել են սենյակում: Այնուհետև ԴԱՀԿԾ աշախատակիցները բռնություն են կիրառել նաև Պողոսյանի նկատմամբ՝ նրան կացարանից դուրս հանելով և աստիճաններին նետելով: Քննիչը համարել էր, որ ԴԱՀԿԾ աշխատակիցները «նուրբ գրկել են իրավապաշտպանին»:
Դատարանում բողոքը ներկայացնելով՝ Մարինա Պողոսյանը նշել է, որ քննիչ Սարգսյանը ոչ միայն անգործություն է ցուցաբերել, օրինակ՝ առերեսում չանելով, հաշվի չառնելով այն, որ իրենք այդ օրը մի քանի անգամ զանգահարել են ոստիկանություն և այլն, այլև կատարել է պաշտոնական կեղծիք. հրապարակել է չորս վկաների կողմից ստորագրված նույնական ցուցմունքներ:
Պողոսյանը նշել է նաև, որ ինքն այդ տանը գտնվում էր որպես իրավապաշտպան, իր անունը չկար դատական որոշման մեջ, և ԴԱՀԿԾ աշխատողներն իրավունք չունեին իրեն դուրս հանել։
Դատարանում ՀՔԾ որոշումը պաշտպանում էր դատախազ Երիցյանը: Վերջինս հակադարձել է, որ Մարինա Պողոսյանը խոչընդոտել է ԴԱՀԿԾ ներկայացուցիչների աշխատանքը, այդ պատճառով էին նրա նկատմամբ «ստիպված» ուժ կիրառել:
Մարինա Պողոսյանը դիմելու է Վերաքննիչ դատարան: