Home / Հայաստան / Պաշտոնյան ասել է՝ Հայաստանի որ քաղաքացիների մուտքը ՌԴ չի կարող արգելվել

Պաշտոնյան ասել է՝ Հայաստանի որ քաղաքացիների մուտքը ՌԴ չի կարող արգելվել

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը (ՏԿԱԻՆ) քայլեր է ձեռնարկում, որպեսզի ՀՀ բազմաթիվ քաղաքացիների վրայից հանվի Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու արգելանքը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։ Նշված խնդիրը մեկ շաբաթ առաջ ՀՀ կառավարության մոտ բարձրացրել էին մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնց մուտքը Ռուսաստան տարբեր պատճառներով արգելվել է։

Եգանյանը նշել է, որ ուղիղ աշխատանքային կապ է հաստատվել ՀՀ ՏԿԱԻ միգրացիոն ու ՌԴ-ի դաշնային միգրացիոն ծառայությունների միջև:

«Երկու ծառայությունների միջև ուղիղ կապի հաստատումը մեծ ձեռքբերում է: Եթե նախկինում մեր քաղաքացիների` ՌԴ մուտք գործելու արգելքը վերացնելու վերաբերյալ գրված դիմումները դաշնային միգրացիոն ծառայություն հասնում էին դիվանագիտական և այլ խողովակների միջոցով, ինչը բավական երկար ժամանակ էր պահանջում, ապա այսօր այդ դիմումներն ուղարկվում են անմիջապես ՌԴ դաշնային միգրացիոն ծառայություն: Երկու ծառայությունների պայմանավորվածության համաձայն` անխտիր դրական պատաասխան կստանան հետևյալ հինգ կետերի պահանջներից որևէ մեկին համապատասխանող քաղաքացիների դիմումները.

֊ եթե տվյալ քաղաքացին ունի ՌԴ քաղաքացի հանդիսացող և Ռուսաստանում բնակվող ընտանիքի անդամ կամ հարազատ.

֊ եթե քաղաքացին ՌԴ-ում կրթությունը շարունակելու խնդիր ունի.

֊ եթե քաղաքացին ՌԴ է մեկնում բուժման կամ խնամակալության հարցերով.

֊ եթե քաղաքացին ՌԴ-ում ունի իր անունով գրանցված սեփականություն.

֊ եթե դիմող քաղաքացին նախկինում ՌԴ-ում ունեցել է աշխատանքի թույլտվություն», – Եգանյանի խոսքերը փոխանցում է ՏԿԱԻ նախարարության կայքը:

Բանախոսի ներկայացրած տվյալների համաձայն, այժմ Ռուսաստան մուտք գործելու արգելանք ունեցող ՀՀ քաղաքացիների 30 տոկոսի դիմումներին ՌԴ միգրացիոն ծառայությունը դրական լուծում է տվել:

«Մեր գործընկերները ՌԴ-ում պատրաստակամություն են հայտնել դիմումի հիման վրա վերանայել անձի խնդիրը: Արդեն 5400 ՀՀ քաղաքացի դիմել է, ուսումնասիրվել են նրանց դիմումները: Պատասխանների 30 տոկոսը դրական է՝ այսինքն արգելանքը վերացվել է», – նշել է Եգանյանը: