Այսօր Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել Ռուսաստանի Միգրացիոն ծառայության կողմից հրապարակված «Սև ցուցակում» հայտնված հայաստանցիները: Նրանք ՀՀ Կառավարությունից պահանջում են միջնորդել, որպեսզի իրենց թույլ տան մեկնել Ռուսաստան և շարունակել աշխատել: Ռուսաստան մուտք գործելու արգելքը տարբեր մարդկանց դեպքում տարբեր կերպ է պատճառաբանվել։ Կան մարդիկ, ովքեր խախտել են Ռուսաստանում առանց գրանցման գտնվելու անհրաժեշտ ժամանակահատվածը։ Սակայն եղել են մարդիկ, ում մուտքն արգելվել է այլ պատճառներով։ Մասնավորապես, ակցիայի մասնակից մի տղամարդ նշել է, որ իրեն թույլ չեն տալիս ՌԴ մուտք գործել՝ պատճառաբանելով, որ հեռախոսի պարտք ունի։
ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության ու դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանն ակցիայի մասնակիցներին ասել է, որ նրանք պետք է դիմեն հայկական միգրացիոն ծառայություն անհատական դիմումներով:
«Եթե ձեր դեմ ՌԴ-ում դատարանի որոշում չկա, դիմեք: Մենք կմիջնորդենք, որպեսզի Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը քննի ձեր դիմումները: Մոտավորապես 4 դիմումներից մեկը ընդունվում է, և մուտքի արգելքը հանվում է»,- ասել է Ղազարյանը։
Ի պատասխան՝ բողոքողներն ասել են, որ այս պայմանն իրենց չի բավարարում: Նրանցից մի քանիսը նշել են, որ եթե չգտնեն օրինական ելք, որոնելու են ապօրինի ճանապարհներ․ օրինակ, անձնագրերի կեղծում, միայն թե կարողանան Ռուսաստան գնալ և աշխատանք գտնել: Հավաքվածներից շատերը նշել են, որ կարող էին մնալ Ռուսաստանում, սակայն մտածել են, որ ԵՏՄ մտնելուց հետո խնդիր չի լինի, վերադարձել են Հայաստանում Ամանորը նշելու, իսկ հետագայում իրենց թույլ չեն տվել ՌԴ մուտք գործել։
Ակցիայի մասնակիցները նշել են, որ իրենց թյուրիմացության մեջ է գցել հայաստանցի պաշտոնյաների այն հայտարարությունը, որ 2015 թվականի հունվարի 1-ից սկսած ԵՏՄ անդամ պետությունների տարածքում գործելու է աշխատանքի միասնական շուկա, ինչը նշանակում է, որ Ռուսաստանում աշխատող հայաստանցիները աշխատանքի նոր թույլտվություն կամ արտոնագիր ստանալու անհրժեշտություն չունեն։ Մասնավորապես, նման հայտարարություն է արել Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը։
«Մենք ուղղակի վստահեցինք մեր Կառավարությանը, հավատացինք, որ, ԵՏՄ մտնելով, ամեն նման խնդիր կվերանա, ինչպես ոչ մի խնդիր չունեն Ռուսաստանում Բելառուսի, Ղազախստանի քաղաքացիները», – Epress.am-ի հետ զրույցում ասել է ակցիայի մասնակից Արմեն Մասուրյանը: Նրա խոսքով՝ ինքը չի խախտել Ռուսաստանում մնալու թույլատրելի ժամանակը:
«Ես գնացել էի կոշիկի ֆաբրիկայում աշխատելու: Ընդամենը երկու ժամ եմ եղել ֆաբրիկայում, եկան բռնեցին բոլորիս, ես ցույց տվեցի թղթերս՝ հաշվի չառան: 22 հայ տարան մի տեղ, ոնց ասեմ՝ առանց տուալետ հասկացության: 10 ժամ մնացել ենք, փող ենք տվել, որ մեզ ուտելու բան բերեն: Տարել են քաղմասեր: Հաջորդ օրը տարել են դատարան: Դատավորն ինձ ասաց՝ ճիշտ ա՝ դու պատենդ (նկատի ունի աշխատանքի իրավունք) ունես, դիմել ես, բայց դու պետք ա գնայիր սրա-նրա հողամասում աշխատեիր, մասնագիտական գործ չես կարա անես: Արտաքսելու վճիռ կար, բայց ինձ ձեռք չէին տալիս։ Ես կարայի մնայի: Նրանց, ում դեպորտ են անում, աշխատացնում են, որ տոմսի փողը դուրս գա, ասում են՝ բարի ճանապարհ»,- նշել է Արմեն Մասուրյանը՝ նույնպես ընդգծելով, որ Ամանորի տոներին վերադարձել է Հայաստան հետ գնալու ակնկալիքով, բայց նրա մուտքն արգելվել է։
Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ Ռուսաստանում 180.000 հայաստանցիների նկատմամբ է կեցության և աշխատելու արգելք դրվել, որոնց մեծ մասը, սակայն, անօրինական կերպով դեռ Ռուսաստանում է, Հայաստանում են նրանցից մոտ 60.000-ը:
«Ես հասկանում եմ, դա ոչ միայն ձեր ընտանիքների խնդիրն է, այլև մեր պետության: Դուք որ ձերոնց փող եք ուղարկում, գնում պանիր են առնում, էդ պանիր արտադրողն էլ կարողանում է Հայաստանում ապրել», – ասել է Ալեքսանդր Ղազարյանը՝ կրկին հորդորելով անհատական դիմումներ գրել: