Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսն անցյալ տարվա հոկտեմբերին Հայաստան կատարած իր այցն ամփոփող զեկույցում այլ հարցերի թվում անդրադարձել է ՀՀ դատական համակարգի անկախությանը խոչընդոտող հանգամանքներից մեկին. դատավորների՝ ՀՀ նախագահի կողմից նշանակվելու կարգին:
Զեկույցը քննադատում է այն, որ Հայաստանում նախագահը ներգրավված է Արդարադատության խորհրդի կողմից առաջարկված դատավորների թեկնածություննների ցուցակի հաստատման, ինչպես նաև թեկնածությունների վերջնական նշանակման կամ դատավորների լիազորություների դադարեցման գործընթացում:
«Ունենալով հանդերձ ԱԽ-ի ցանկացած առաջարկը մերժելու իրավունքը՝ նախագահը միաժամանակ օրենքի ուժով պարտավոր չէ բացատրել իր որոշման պատճառները, և գոյություն չունի նախագահի որոշումները վիճարկելու ընթացակարգ: Եվրոպայի խորհրդի փորձագետները, ովքեր վերլուծել են այս համակարգը, եզրակացրել են, որ դատավորների ընտրության և առաջխաղացման գործընթացում նախագահի վճռորոշ դերը համահունչ չէ եվրոպական ստանդարտներին: Փորձագետները համարում են, որ այդ ընթացակարգում նախագահի դերը պետք է սահմանափակել ֆորմալ դերակատարմամբ, իսկ որոշումների կայացման բուն իրավասությւնը պետք է պատկանի դատական համակարգի ինքնակառավարման մարմիններին: ԱԽ-ի առաջադրած դատավորին նշանակելու կամ մերժելու՝ Հանրապետության նախագահի անսահմանափակ հայեցողական լիազորությունը նշվել է նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից՝ դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ 2014 թվականի եզրակացության մեջ: Վենետիկի հանձնաժողովը եզրակացրել է, որ դա կարող է կոնֆլիկտ առաջացնել նախագահի և ԱԽ-ի միջև՝ այդկերպ դժվարություններ առաջացնելով դատարանների պատշաճ գործունեության առումով և վնաս պատճառելով դատական համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահության»,- ասված է զեկույցում:
Ամփոփելով զեկույցի այդ հատվածը՝ Նիլս Մուժնիեկսը խորհուրդ է տալիս վերանայել կարգը:
Իրավաբան Վահե Գրիգորյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ թեև ԵԽ ՄԻ հանձնակատարի զեկույցը չունի պարտավորեցնող ուժ, այն մոտեցում ձևավորող կարևոր դիրքորոշում է:
«Եթե այս առաջարկությունները և հանձնարարականները շարունակաբար չեն կատարվում, դրանց չկատարման արդյունքում տեղ գտած ՄԻ խախտումների վերաբերյալ բարձրանում է ՄԻԵԴ կողմից վճիռներով իրավունքի խախտման փաստի ճանաչման հավանականությունը, իսկ այդ վճիռներն արդեն պարտավորեցնող ուժ ունեն: ԵԽ ՄԻ հանձնակատարի մարդու իրավունքների ոլորտում դիտարկումներն ու փաստական նկարագրությունը գրեթե ամբողջությամբ միշտ հիմք է ընդունվում ՄԻԵԴ կողմից այս կամ այն վերաբերելի հարցի քննարկման ժամանակ, ինչպես և ԵԽԽՎ, և ԵԽ Մոնիտորինգային կոմիտեի կողմից»,- ասել է Վահե Գրիգորյանը: