Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ զինված միջադեպի հետևանքով սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հայտնում է «Փաստինֆո»-ն։
Էմիլ Բուդաղյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով՝ գանգատում իրենք ՄԻԵԴ-ից խնդրում են ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 2-րդ և 10-րդ հոդվածների խախտումները:
Մասնավորապես, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունք, 1-ին կետով ամրագրվում է, որ յուրաքանչյուր ոք ունի արդարացի ու հրապարակային դատաքննության իրավունք, իսկ նույն հոդվածի 2-րդ կետով ամրագրվում է անմեղության կանխավարկածի սկզբունքը, ըստ որի՝ «յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան», այն է՝ օրինական ուժի մեջ դատավճռով:
Մինչդեռ Ավետիք Բուդաղյանի դեպքում խախտվել են այդ երկու կետերն էլ. Ավետիք Բուդաղյանը առանց դատարանի որոշման, միայն քննիչի որոշմամբ ճանաչվել է հանցավոր, և նրա նկատմամբ որոշվել է քրեական հետապնդում չիրականացնել՝ մահվան հիմքով:
Իսկ մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի, ինչպես նաև Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու քննիչի որոշումներով պետությունը չի կատարել արդյունավետ քննություն իրականացնելու իր պարտականությունը, այսինքն՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ Կյանքի իրավունքը:
Ըստ Հայկ Ալումյանի՝ խախտվել է նաև Կոնվենցիայի 10-րդ հոդվածը՝ արտահայտվելու ազատություն, այն ներառում է նաև տեղեկություններ ստանալու իրավունքը:
Փաստաբանը դիմել էր ՀՀ նախագահի, կառավարության աշխատակազմերին ու արդարադատության նախարարին՝ ստուգելու մամուլում շրջանառվող տեղեկություններն առ այն, որ, մասնավորապես, երկրի ղեկավարը, վարչապետն ու արդարադատության նախարարը մասնակցել են Սուրիկ Խաչատրյանի որդու հարսանիքին:
Ավելի վաղ Ալումյանը հայտարարել էր, որ ՄԻԵԴ ուղարկվելիք գանգատում կներկայացվի, որ եթե որոշ պաշտոնատար անձիք, ումից դատական համակարգը լիարժեք կախված է, այդ մարդկանց այնքան մտերիմ են համարում, որ նրանց հարսանիքին են մասնակցում, ապա իր համար ներպետական ատյաններն անարդյունավետ են համարվում։
Հիշեցնենք, որ 2013 թվականի հունիսի 1-ին երեկոյան Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, նրա եղբայրը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանը վիրավորվել է: Փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էր Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրանը և թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանը: Հետագայում երկուսն էլ ազատ են արձակվել, քանի որ քննչական մարմինը գտել է, որ նրանք ինքնապաշտպանվել են: