Հայաստանում տարածված է ընտանեկան բռնությունը, Հայաստան կատարած իր այցը ամփոփող զեկույցում նշել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը՝ քննադատության ենթարկելով երկրում կանանց իրավունքները խախտելու տարածված պրակտիկան և կանանց նկատմամբ բռնության փաստերը լրջագույն խնդիր դիտարկելով։ Մուժնիեկսը նշում է, որ ընտանեկան բռնության մի քանի դեպքի հետևանքով կանայք են մահացել՝ 2013 թվականին գրանցվել է մահվան 7, իսկ 2014 թվականին՝ 12 դեպք։
Հղում անելով ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետազոտություններին՝ հանձնակատարը նշում է, որ Հայաստանում կանանց 8.9%֊ը զուգընկերոջ կողմից ենթարկվել է ֆիզիկական բռնության առնվազն մեկ ձևի, մեծամասամբ՝ ընտանիքում:
Կանանց 25%-ը հաղորդել է հոգեբանական բռնության առնվազն մեկ ձևի ենթարկված լինելու մասին, իսկ 3.3%-ը խոստովանել է, որ ենթարկվել է սեռական բռնության իրենց զուգընկերոջ կողմից: Հարցվածների 61.7%-ը հայտնել է, որ կրել է զուգընկերոջ կողմից վերահսկող վարքի այնպիսի ձևերի հետևանքերը, ինչպիսիք են՝ ընտանիքի և ընկերների հետ շփումերի սահմանափակումը, տեղաշարժի վերահսկումը: Կանայք նաև տնտեսական իրավազրկման են ենթարկվում, օրինակ՝ ֆինանսական միջոցներից զրկելը, վաստակը և խնայողությունները բռնագրավելը, կնոջ աշխատանքն արգելելը:
Մարդու իրավունքների հանձնակատարը նաև նկատել է, որ նախածննդյան փուլում սեռի ընտրության երևույթը և տղա նորածինների թվի գերակշռությունը նույնպես վկայում են գենդերային կողմնակալության գոյության մասին:
Հանձնակատարը նշում է, որ Հայաստանի իշխանությունները պատշաճ քայլեր չեն կատարում խնդրի լուծման ուղղությամբ:
«Քաղաքական մի շարք առաջնորդներ՝ ներառյալ պատգամավորներ, հերքել են ընտանեկան բռնության հիմնախնդրի գոյությունը Հայաստանում, իսկ որոշ դեպքերում՝ անգամ արդարացված են համարել այն», – գրում է հանձնակատարը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հանձնակատարը կոչ է անում ՀՀ իշխանություններին ընտանեկան բռնության դեմ պայքարի հատուկ օրենսդրություն ընդունել:
«Հայաստանի քրեական օրենսդրությամբ որպես առանձին հանցատեսակ նախատեսված չէ գենդերային բռնությունը՝ ներառյալ ընտանեկան բռնությունը: Քրեական օրենսդրությունը նաև չի անդրադառնում դրանց կանխարգելման, պաշտպանության և քրեական հետապնդման խնդիրներին: Ընտանեկան բռնության հանցագործությունների քրեական հետապնդումը կարող է իրականացվել Հայաստանի քրեական օրենսգրքի առավել ընդհանուր դրույթների հիման վրա, ինչպիսիք են՝ առողջությանը վնաս պատճառելը, ծեծը, մարմնական վնասվածք պատճառելը և սպանությունը: Այնուհանդերձ, որպես այդպիսին քրեականացված չեն կանանց նկատմամբ բռնության որոշ ձևեր, օրինակ, ամուսնու կամ զուգընկերոջ կողմից բռնաբարությունը կամ հարկադիր աբորտը»,- բացատրել է հանձնակատարը:
Մուժնիեկսը նաև կոչ է անում ՀՀ իշխանություններին վավերացնել ընտանեկան բռնության կանխարգելման և պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան: Իր զեկույցում հանձնակատարը տեղեկացնում է, որ ՀՀ պաշտոնյաներն իր հետ հանդիպումների ժամանակ պատճառաբանել են, թե ժամանակ է պետք Հայաստանի իրավական դաշտի՝ Կոնվենցիային համապատասխանությունը գնահատելու, ինչպես նաև անհրաժեշտ ֆինանսական միջոցները հաշվարկելու համար: