Հայաստանում խոշտանգումների, 2008 թվականի մարտյան իրադարձությունների և բանակում ոչ մարտական պայմաններում տեղի ունեցած բռնությունների/սպանությունների մասին բողոքների հիման վրա պատշաճ քննություն չի կատարվում: Այս երեք խնդրահարույց ոլորտներն իր հայաստանյան այցն ամփոփող զեկույցում առանձնացրել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը:
Հանձնակատարը կոչ է անում հայաստանյան իշխանություններին միջազգային չափանիշներին համահունչ փոփոխել խոշտանգման սահմանումը քրեական օրենսգրքում, որպեսզի ապահովվի խոշտանգման գործողությունների ստույգ որակաորումն ու պատիժը։
Նիլս Մուժնիեկսը հորդորում է քննչական մարմիններին վճիռներ կայացնելիս հիմնվել ավելի շատ իրեղեն ապացույցների, այլ ոչ թե ինքնախոստովանական ցուցմունքների վրա:
«Դատարանները հենվում են ենթադրյալ հարկադրանքի պայմաններում ստացված ապացույցների վրա, հատկապես երբ դա հիմք է ծառայում մեղադրական դատավճռի համար»,- ասված է զեկույցում:
Ինչ վերաբերում է 2008 թվականի մարտյան իրադարձությունների ընթացքում տեղի ունեցած մահվան տասը դեպքերի քննությանը, ապա հանձնակատարը մտահոգությամբ նշել է, որ այն դեռևս արդյունքներ չի տվել:
Հանձնակատարը նաև կոչ է արել հայաստանյան իշխանություններին քննել բանակում իրավախախտումների մասին հնչեցվող բողոքները՝ ուշադրություն դարձնելով տուժողների ընտանիքների և հանրության վստահության մակարդակի բարձրացմանը:
Լուսանկարում՝ 2008 թվականի Մարտի 1-ի հավաքը