Մամուլում տարածված տեղեկությունները, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու հարսանիքին, կարող է ՄԻԵԴ դիմելու պատճառ դառնալ։
Ինչպես հայտնում է «168 ժամ» պարբերականը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ 2013 թվականի հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի ընտանիքի փաստաբան Հայկ Ալումյանը հարցումով դիմել էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին, արդարադատության նախարարին և կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ խնդրելով հաստատել կամ հերքել այդ տեղեկությունը։
Փետրվարի 25֊ին թերթի հետ զրույցում փաստաբանն ասել է, որ առայժմ պատասխան է ստացել միայն ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարից․ «Ինձ տեղեկացրել են, որ ես նման տեղեկատվություն ստանալու իրավունք չունեմ»։
Փաստաբանի խոսքով, սակայն, ԱՆ֊ից ստացված այս պատասխանն ակնհայտ անհիմն է․ «Բայց այդպիսի պատասխանով իրենք չեն խոչընդոտում անել այն, ինչ ես պատրաստվում եմ անել, այսինքն՝ առանց ներպետական ատյանները սպառելու՝ դիմել Եվրոպական դատարան։ Այդ նամակները ես ուղարկել էի՝ զուտ որպեսզի հետագայում ինձ չասեն՝ իսկ ինչո՞ւ դուք այդ տեղեկատվությունը չփորձեցիք ստանալ ձեր ներպետական ատյաններից։ Ես փորձեցի ստանալ, և այդպիսի պատասխան ստանալը, հուսով եմ, ինձ առավելություններ կտա Եվրոպական դատարանում»։
Թերթի հարցին՝ արդյոք կսպասի՞ մյուս երկու հարցումների պատասխաններին, թե առանց դրանք ստանալու՝ կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, փաստաբանը պատասխանել է․ «Ճիշտն ասած՝ իրենք դեռ 2֊3 օր ունեն, ես դեռ կսպասեմ, որովհետև Եվրոպական դատարանի իմ գանգատը դեռ վերջնականապես պատրաստ չէ, պատրաստ կլինի հավանաբար 2֊3 օրից։ Այդ 2֊3 օրվա ընթացքում ես կամ իրենցից պատասխանները կստանամ, կամ եթե չեմ ստանա, պարզապես իմ գանգատի մեջ կգրեմ, որ ինձ չեն պատասխանում»։
Հայկ Ալումյանն ասել է, որ ՄԻԵԴ ուղարկվելիք գանգատում կներկայացվի, որ եթե որոշ պաշտոնատար անձիք, ումից դատական համակարգը լիարժեք կախված է, այդ մարդկանց այնքան մտերիմ են համարում, որ նրանց հարսանիքին են մասնակցում, ապա իր համար ներպետական ատյաններն անարդյունավետ են համարվում։
Հիշեցնենք, որ 2013 թվականի հունիսի 1-ին երեկոյան Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, նրա եղբայրը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանը վիրավորվել է: Փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էր Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրանը և թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանը: Հետագայում երկուսն էլ ազատ են արձակվել, քանի որ քննչական մարմինը գտել է, որ նրանք ինքնապաշտպանվել են:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում