Հայրենադարձված մեսխեթցիները շարունակում են խնդիրների բախվել Վրաստանում կացության թույլտվություն ու քաղաքացիություն ստանալիս։ «Էխո Կավկազա» ռադիոկայանի կայքն այդ դժվարությունները ցույց է տալիս Ադրբեջանի քաղաքացի Յունուս Արիֆովի օրինակի վրա։ Վերջինս դժվարանում է հաղորդակցվել վրացերենով, ռուսերեն ընդհանրապես չի խոսում։
Նրա պատմությունը մարտի 10֊ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել են իրավաբանները։ Արիֆովը Վրաստանում ապրում է արդեն ութ տարի, ունի անշարժ գույք ու հողատարածք։ Վրաստանի նախագահի հրամանի համաձայն՝ նրան խոստացել են քաղաքացիություն, որը տրամադրվում է այն դեպքում, եթե հայրենադարձված անձը երկու տարվա ընթացքում հրաժարվում է իր առաջին՝ Ադրբեջանի քաղաքացիությունից։ Ադրբեջանի իշխանությունները, սակայն, այդ հարցում Արիֆովին մերժել են։ Ձախողվել է նաև Վրաստանում կացության թույլտվություն ստանալու նրա վերջին փորձը՝ Արդարադատության նախարարությունն Արիֆովի դիմումը մերժել է փետրվարի 11֊ին։
Ի տարբերություն Յունուս Արիֆովի, Մուսլիմ Արիֆովն իր խնդիրների մասին ինքն է պատմել։ Վրաստանի կառավարությունը հայրենադարձված Մուսլիմի կնոջն ու որդուն համարել է «վտանգավոր անձիք»։ Հենց այս ձևակերպման պատճառով է մերժել Վրաստանում նրանց մշտական կացության թույլտվություն տրամադրելու դիմումը։ Մուսլիմի խոսքով՝ ինքը Վրաստանի քաղաքացիություն ստացել է ութ տարի առաջ։ Ապրելով ու աշխատելով Վրաստանում՝ նա չի հասկանում, թե ինչ վտանգ կարող են ներկայացնել նրա հարազատները, որոնք ցանկանում են ապրել իրենց հոր ու ամուսնու հետ։
Մուսլիմն ասել է, որ չի ցանկանում շարունակել այս բյուրոկրատական պատերազմը, որն իրենից արդեն շատ ուժ ու միջոցներ է խլել։ Նա հույս ունի հարցը լուծել դատական կարգով։ «Այստեղ գումար վաստակելը շատ բարդ է։ Դժվարությամբ վաստակում ենք, փաստաթղթեր ներկայացնում կացության թույլտվություն ստանալու համար ու փոխարենը՝ մերժում ստանում։ Ծախսերն ահռելի են։ Ուստի ես դատարան եմ դիմել։ Մենք բոլորս Վրաստանը շատ ենք սիրում և ուզում ենք՝ Վրաստանն ուշադրություն դարձնի, գնահատի մեզ ու արդար լուծում տա մեր իրավաբանական խնդիրներին»։
Ըստ Թբիլիսիի մարդու իրավունքների տան իրավաբան Էկա Կոբեսաշվիլիի՝ Վրաստանի կառավարությունը հակասում է ինքն իրեն։ Նա չի հասկանում, թե ինչու են հրաժարվում կացության թույլտվություն տրամադրել մարդկանց, ովքեր արդեն ստացել են հայրենադարձի կարգավիճակ ու սպասում են խոստացված քաղաքացիության։ Արդարադատության նախարարությունն իր մերժման մեջ վկայակոչում է ՆԳՆ հակահետախուզական վարչությանը, որի մամուլի ծառայությունում, սակայն, «մարդիկ, ովքեր վտանգ են ներկայացնում երկրի համար» ձևակերպումը պարզաբանելու խնդրանքին ի պատասխան հորդորել են գրավոր դիմում ներկայացնել ու սպասել պատասխանի տասը օրվա ընթացքում։ Արդարադատության նախարարության Ծառայությունների զարգացման գործակալությունից պատասխան ընդհանրապես չի ստացվել։
Իրավաբանը հույս ունի, որ արդարության հնարավոր կլինի հասնել դատարանի միջոցով․ «Մենք ստիպված էինք դատարան դիմել։ Այն պետք է Ծառայությունների զարգացման գործակալությանը պարտադրի այդ մարդկանց կացության թույլտվություն տրամադրել։ Բանն այն է, որ եթե անգամ նրանք չունենային հայրենադարձի կարգավիճակ, նրանք, միևնույն է, համապատասխանում են չափանիշներին, որոնք անհրաժեշտ են կացության թույլտվություն ստանալու համար։ Նրանք ութ տարի մշտապես բնակվում են Վրաստանի տարածքում, ունեն տուն, իսկ նրանց ընտանիքի անդամները Վրաստանի քաղաքացիներ են»։
Յունուսն ու Մուսլիմի հարազատները միակ մարդիկ չեն, ովքեր նման խնդիրների են բախվում։ «Տոլերանտ» տարածաշրջանային միության տվյալների համաձայն՝ Վրաստանում բնակվող 140 հայրենադարձված մեսխեթցիներ ունեն խնդիրներ փաստաթղթերի հետ։