Home / Հայաստան / Դատարանը կորոշի՝ արդյոք լրագրողի բողոքի հիման վրա ԱԱԾ֊ի դեմ պետք է քրգործ հարուցվի

Դատարանը կորոշի՝ արդյոք լրագրողի բողոքի հիման վրա ԱԱԾ֊ի դեմ պետք է քրգործ հարուցվի

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 16-ին կհրապարակի լրագրող, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանի բողոքի վերաբերյալ որոշումը: Լրագրողը դատական կարգով բողոքարկում է ԱԱԾ֊ի դեմ քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՀ դատախազության որոշումը: Բողոքը բերվել է և՛ Հրայր Մանուկյանի, և՛ «Ժառանգություն» կուսակցության կողմից:

Այսօր կայացել է բողոքի վերաբերյալ հերթական դատական նիստը, որը, սակայն, կարճ է տևել: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ հայտարարելով, որ բողոքի մասին բոլոր ապացույցներն արդեն ուսումնասիրվել են:

Նախորդ դատական նիստերին դատախազության ներկայացուցիչը չի եկել․ դատախազությունն ընդամենը քրեական գործը մերժելու մասին իր գրավոր հիմնավորումն է ուղարկել:

Կուսակցության և լրագրողի բողոքը կապված է ԱԱԾ-ի ներկայացուցչի կողմից Մանուկյանին հավաքագրելու փորձի հետ։ Լրագրողի կողմից հրապարակված ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է ԱԱԾ աշխատակիցը մերժում ստանալուց հետո սպառնում Մանուկյանին։

Գործում «Ժառանգություն» կուսակցության շահերը ներկայացնող փաստաբան Հարություն Բաղդասարյանն ավելի վաղ Epress.am-ին ասել է, որ դատախազությունն իրավունք չուներ համարել, որ Հրայր Մանուկյանի կատարած ձայնագրության սկավառակը չի կարող իրեղեն ապացույց դիտվել: Ըստ Բաղդասարյանի՝ դատախազությունը նախ պետք է քրեական գործ հարուցեր, հետո հիմնավորեր իրեղեն ապացույցների շրջանակը: Ավելին, Բաղդասարյանի կարծիքով՝ գործում կան թրաֆիքինգի տարրեր, քանի որ Հրայր Մանուկյանին աշխատանք է առաջարկել մի մարդ, որի ՀՀ ԱԱԾ-ից լինելը լրագրողի համար փաստ չի եղել:

Tekali Taxi