Վրաստանի իշխանությունների և ընդդիմության կողմնակիցների միջև վրացական Զուգդիդի քաղաքում մարտի 15֊ին տեղի ունեցած բախումների ընթացքում տուժել են բողոքի ակցիայի մասնակիցներ, այդ թվում՝ ոստիկանության աշխատակիցներ և «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության ակտիվիստներ։
«Կավկազսկի ուզել» գործակալության փոխանցմամբ՝ «Ժողովրդավարական ներգրավվածության կենտրոն» հասարակական կազմակերպության անդամները ծեծի են ենթարկվել Զուգդիդիում գտնվող իրենց գրասենյակում՝ մարտի 21֊ին «Միասնական ազգային շարժման» անկացվելիք՝ կառավարության հրաժարականը պահանջող ակցիայի դեմ անկացվող բողոքի ցույցի մասնակիցների կողմից։
Վեճը բռնկվել է «Ազատ գոտի» հ/կ֊ի գրասենյակում, ուր ուղևորվել են ՄԱՇ գրասենյակի մոտ բողոքը սկսած քաղաքացիները։ Ծեծկռտուքի ընթացքում տուժել են թե ակցիայի մասնակիցներ, թե իրավապահներ, կիրառվել են մահակներ, ջարդվել են գրասենյակի պատուհանները։ Ապակու կտորից լուրջ վնասվել է «Վրացական երազանք» կուսակցության ակտիվիստներից մեկը։ Տուժածների շարքում է նաև Վրաստանի խորհրդարանի ՄԱՇ խմբակցության պատգամավոր Ակակի Մինաշվիլին։
Այնուհետև բողոքի ցույցի մասնակիցները կրկին տեղափոխվել են ՄԱՇ գրասենյակի մոտ, որտեղ ևս ծեծկռտուք է տեղի ունեցել, գործի են դրվել քարեր։ «Իմեդի» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ կոնֆլիկտին միջամտել են ոստիկաններ, տուժել են տասնյակ մարդիկ։
Կոտրվել են ՄԱՇ գրասենյակի բոլոր պատուհանները, իսկ բախումից տուժածները հոսպիտալացվել են տեղի հիվանդանոց՝ տարբեր ծանրության վնասվածքներով։ Նրանցից մեկը գտնվում է վերակենդանացման բաժնում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Զուգդիդիում տեղի ունեցածի վերաբերյալ քննադատությամբ հանդես են եկել թե իշխող «Վրացական երազանք» կուսակցության, թե ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները։
«Բնակչության խնդիրները լուծելու փոխարեն՝ իշխանությունները ճնշումներ են գործադրում ընդդիմության դեմ»,֊ ասել է բախումների հետևանքով տուժած Ակակի Մինաշվիլին։ Նրա խոսքով՝ իր և իր կողմնակիցների վրա հարձակվել են տեղի քաղաքապետարանի ու քաղաքային խորհրդի աշխատակիցները։
«Վրացական երազանք»֊ն իր անդամներին ու դաշնակիցներից կոչ է արել չտրվել սադրանքներին, որոնք, համաձայն կուսակցության տարածած հաղորդագրության, ծրագրում է ՄԱՇ֊ը՝ իրավիճակը արհեստան կերպով լարելու ու հանրության շրջանում անկարգությունների մթնոլորտ ստեղծելու նպատակով։ Հաղորդագրությունը նաև իրավապահ մարմիններին կոչ է անում ժամանակին հետաքննել Զուգդիդիում տեղի ունեցածը։