Ռուսաստանը մինչ օրս Հայաստանին ոչ մի ցենտ չի զիջել, մինչդեռ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնագիր է ստորագրել, որով Ռուսաստանը Ղրղզստանին զիջում է մոտ 190 միլիոն դոլար պարտք։ Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում գրում է լրագրող Հայկ Գևորգյանը։ Ղրղզստանը Ռուսաստանին պարտք է 500 միլիոն դոլար, և պարտքի մնացած մասը վերաձևակերպվել է և կվճարվի առաջիկա 20 տարիների ընթացքում։
Հոդվածագիրն ընդգծում է, որ Հայաստանի դեպքում նման մոտեցում չի ցուցաբերվում անգամ այն պարագայում, երբ Ռուսաստանը տարբեր երկրների՝ Սիրիա, Ալժիր, Բենին, Մալի, Հյուսիսային Կորեա, Մոնղոլիա, Լաոս, Կուբա, Յեմեն, Տանզանիա, Չադ, Բուրկինա Ֆասո, Սիերա Լեոնե, Նիկարագուա, Աֆղանստան, պարտքի ներումներ է շնորհում փաթեթներով՝ վերջին տարիներին մի քանի տասնյակ միլիարդ դոլարի չափով։
«Հայաստանի ունեցած ընդամենը 110 միլիոն դոլար պարտքի դիմաց Ռուսաստանը «Գույք պարտքի դիմաց» գործարքով ստացավ մի քանի ձեռնարկություններ, 24 միլիոն դոլար պարտքի դիմաց ստացավ «Սևան Հրազդան» ՀԷԿ֊երի կասկադը։ ՌԴ֊ից վերցրած 500 միլիոն դոլարի 3.5 տոկոսանոց վարկը մարելու համար 2013 թվականին Հայաստանը եվրոբոնդերով 6.5 տոկոսով 700 միլիոն դոլարի վարկ վերցրեց։ Իսկ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ծախսերի զգալի մասը հոգում է հենց Հայաստանը՝ ծախսելով ահռելի գումարներ»,֊ նշում է Հայկ Գևորգյանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում