Home / Հայաստան / Ընդունելով՝ մերժել ցեղասպանությունը․ եզդի համայնքը դժգոհ է․ «Հայկական ժամանակ»

Ընդունելով՝ մերժել ցեղասպանությունը․ եզդի համայնքը դժգոհ է․ «Հայկական ժամանակ»

Երեկ Երևանի ավագանին հավանության է արժանացրել 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության ենթարկված եզդիների հիշատակը հավերժացնող հուշարձանը Օղակաձև այգում տեղադրելու առաջարկը, բայց իր որոշման մեջ հանդես եկավ զգուշավոր ձևակերպումներով, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Թեև առաջարկի հեղինակ «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ-ն ավագանուն ուղղված գրության մեջ օգտագործել է հենց «ցեղասպանություն» բառը, ավագանու որոշման տեքստում օգտագործվել է «զոհված բազմահազար եզդիներ» եզրույթը:

Երեկվա նիստում «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարել է, որ տարակուսած է տերմինների այս փոփոխությունից: Քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը պատասխանել է, որ եզդի համայնքի տարբեր կազմակերպությունների հետ հարցը քննարկելիս տարբեր առաջարկներ են լսել, սակայն համաձայնության են եկել այս ձևակերպման շուրջ:

Ավագանու անդամ, ազգությամբ եզդի Արմեն Ամոյանը թերթին ասել է, որ, իր բնորոշմամբ, կատարվածը ցեղասպանություն էր, սակայն հիմա քաղաքական այնպիսի իրավիճակ է, որ այդ հարցով քննարկումները պակաս նպատակահարմար են:

«Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ-ի նախագահ Սաշիկ Սուլթանյանը ավագանու տեքստը հետևյալ կերպ է մեկնաբանել. «Ընդունելը կամ չընդունելը քաղաքապետարանի որոշելիքն է։ Բայց պետք է արձանագրենք, որ տեղի ունեցածը մասամբ ընդունելն այնքան էլ հարիր չէ ցեղասպանության 100-ամյակի շեմին մոտեցած պետությանը»։

Նրա խոսքով՝ եզդիների պարագայում, ի տարբերություն հայերի և մյուս ժողովուրդների, չի եղել ոչ պետականություն, ոչ էլ միասնական կենտրոն, որը կհամակարգեր եզդիների ցեղասպանության հետ կապված փաստերը և կիրականացներ ակտիվ լոբբինգ՝ հարցը միջազգային օրակարգում պահելու համար:

«Այդ իսկ պատճառով եզդիների ցեղասպանության մասին այժմ քչերը գիտեն: Սակայն սա ոչ իրավական, ոչ քաղաքական, առավել ևս՝ ոչ էլ բարոյական հիմք է տալիս տեղի ունեցած փաստը նսեմացնելու կամ վիճարկելու համար», ֊ նշել է Սուլթանյանը: 

Tekali Taxi