Home / Հայաստան / Մեծ Այրումի բնակիչները հակամարտում են Ախթալայի կոմբինատի հետ․ «Ժողովուրդ»

Մեծ Այրումի բնակիչները հակամարտում են Ախթալայի կոմբինատի հետ․ «Ժողովուրդ»

ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի բնակիչների և Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի միջև հակամարտությունը շարունակվում է։ Մեծ Այրում համայնքի բնակիչները «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում զայրացած պատմել են, որ արդեն տասն օր է, ինչ Ախթալայի ԼՀԿ֊ի տեխնիկան քանդում է իրենց գյուղի արոտավայրը։

Թերթին ահազանգած Մեծ Այրումի բնակիչների պատմելով՝ նշված ընկերությունը գյուղի արոտավայր համարվող բլրից մեծ քանակությամբ հող է տարհանում։ Թե ինչ նպատակով է դա արվում, ընկերությունից ոչ ոք բնակիչներին չի տեղեկացրել և չի զգուշացրել։ Մեծ Այրումի բնակիչները թերթին հայտնել են, որ սկզբում խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, թե «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ֊ն այդ հողը տարհանում է գործող Նահատակ պոչամբարի ինչ֊որ հատված ռեկուլտիվացնելու համար, հետո խոսվում էր, թե այդ հողով պետք է Ճոճկան համայնքի ջրատարի խողովակները վեր բարձրացնեն և ներհամայնքային ճանապարհները հարթեցնեն։

Մեծ Այրումի ավագանու անդամ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ֊ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը «Ժողովուրդ»֊ի հետ զրույցում ասել է, որ քանդվող արտովայրը անմիջապես կպած է համայնքին։ Դուլգարյանի համոզմամբ՝ տեղի ունեցածի համար մեղավոր են տեղական իշխանությունները։ «Ես և գյուղի բնակիչները ավելի քան տասն օր է, ինչ բարձրաձայնում ենք քանդվող բլուրի մասին։ Սա տեղական իշխանությունների մեղքով է, որ նման բաներ են կատարվում՝ առանց համապատասխան թույլտվության։ Բնակիչները տեղյակ չէին, որ ընկերությունը պետք է քանդի ու հող վերցնի»,֊ նշել է Դուլգարյանը։ Նրա պնդմամբ՝ Ախթալայի ԼՀԿ֊ն լանդշաֆտի փոփոխություն է իրականացնում՝ առանց տեղացիներին գոնե զգուշացնելու։

Մինդեռ Մեծ Այրումի գյուղապետ Սահակ Նազարյանը հակառակն է պնդում՝ նշելով, որ բնակիչները տեղեկացված են եղել և համաձայնել են։ «Ոչ մի բլուր չի քանդվում։ Գյուղի արտովայրը չի քանդվում։ Այդ տարածքը գտնվում է գերեզմանոցի մոտ, և հողը տարհանվում է գերեզմանոցի մոտ կայանող մեքենաների համար հրապարակ բացելու նպատակով։ Նշեմ, որ Ճոճկան գնացող ջրատարն անցնում է ներկայիս Նահատակ կոչվող պոչամբարի սահմանով, որն էլ վերջին տարիներին այդ պոչամբարի վերաշահագործման ընթացքում գրեթե հայտնվել է պոչհանքերի մեջ, և որպեսզի այդ ջրատարը կարողանան մարդիկ շահագործել, հողով պետք է լիցք արվի և այն բարձրացվի ներկայիս մակարդակից։ Շուտով ոռոգման շրջանն է, և մարդիկ պետք է օգտվեն այդ ջրատարից»,֊ նշել է գյուղապետը։

«Ժողովուրդ»֊ը Նազարյանից հետաքրքրվել է՝ Ախթալայի ԼՀԿ֊ն համայնքապետարանից համապատասխան թույլտվություն ստացե՞լ է՝ նման գործողություն կատարելու համար, ինչին ի պատասխան՝ գյուղապետն ասել է․ «Դե, եթե մեր գյուղի գերեզմանոց գնալու համար ճանապարհը պետք է լայնացվի, ապա դրա համար ինչ թույլտվություն է պետք, չեմ պատկերացնում։ Դա ընդհանուր գյուղի համար է»։

Ախթալայի ԼՀԿ֊ի աշխատակից Գագիկ Շահնազարյանը նույնպես թերթին վստահեցրել է, որ ընկերությունն «ինչ անում է, գյուղի համար է անում»։ Նրա խոսքով՝ հողը տարհանվել է Ճոճկան գնացող ջրատարի խողովակները բարձրացնելու և այն սպասարկելի դարձնելու համար։ Նա նաև տեղեկացրել է, որ Նահատակ կոչվող պոչամբարը ռեկուլտիվացնելու նպատակով նույնպես պետք է այդտեղից հող տարհանվի։ «Մենք բլուր չենք քանդում։ Ընդամենն այդտեղից հող ենք վերցրել, որպեսզի Այրում համայնքի ճանապարհներն էլ վերանորոգենք։ Հող ենք լցնում, որ այս եղանակներին ցեխ չլինի»,֊ ասել է Շահնազարյանը։

Մանրամասները՝ «Ժողովուրդ»֊ի այսօրվա համարում

Tekali Taxi