Home / Հայաստան / Ցեղասպանությանը վերաբերող փաստաթուղթը լուրջ խնդիրներ կառաջացնի Հայաստանի համար․ Տեր֊Պետրոսյան

Ցեղասպանությանը վերաբերող փաստաթուղթը լուրջ խնդիրներ կառաջացնի Հայաստանի համար․ Տեր֊Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ղեկավար Լևոն Տեր֊Պետրոսյանը «Ձայն բարբառոյ յանապատի» անունը կրող նոր հոդվածով ևս մեկ անգամ անդրադարձել է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» թեմային։ «Չորրորդ իշխանություն» օրաթերթի այսօրվա համարում տպագրված հոդվածը ներկայացրել է ilur.am֊ը.

«Թեև «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին» ես անդրադարձել եմ արդեն երիցս (11.02.2015; 17.02.2015; 01.03.2015), սակայն հարկ եմ համարում եւս մեկ անգամ ահազանգել այդ փաստաթղթի պարունակած վտանգների մասին, որոնք, չեմ կասկածում, մոտ ապագայում լուրջ խնդիրներ են առաջացնելու Հայաստանի համար: Ահազանգիս հիմքում ընկած է այն իրողության գիտակցման անհրաժեշտությունը, որ հռչակագիրը պետք է դիտարկել ոչ թե որպես Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ արված հավուր պատշաճի մի հայտարարություն, այլ մեր երկրի արտաքին քաղաքականության կենսական նշանակություն ունեցող կարեւորագույն հիմնախնդիրների լուծման, այլ կերպ ասած, Հայաստանի պետական շահերի տեսակետից:

Բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակենսական ու կարևորագույն խնդիրները երկուսն են, այն է` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը: Ինչու եմ ես այս խնդիրները համարում ամենակենսական ու կարեւորագույն` դրանք առանձնացնելով Հայաստանի արտաքին քաղաքականության մյուս խնդիրներից: Որովհետև հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությունն ու դրա հետեւանքը հանդիսացող շրջափակումների առկայությունը`

– խոչընդոտում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տնտեսական զարգացմանը.

– խափանում են Հայաստանի ներգրավվածությունը տարածաշրջանային տնտեսական ծրագրերում.

– Հայաստանին զրկում են արտասահմանյան ընկերությունների կողմից ներդրումներ կատարելու գրավչությունից.

– պետական առանց այդ էլ ողորմելի բյուջեից զգալի գումարներ են պահանջում ռազմական ծախսերի համար.

– խթանում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության արտագաղթը, ինչն արդեն իսկ վերածվել է ժողովրդագրական աղետի.

– բարդացնում են Հայաստանի հարաբերությունները աշխարհի համարյա բոլոր, անգամ բարեկամ պետությունների հետ:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրն», արդ, ոչ միայն ամենևին ուղղված չէ թվարկված գերկենսական խնդիրների լուծմանը, այլև անխուսափելիորեն նորանոր խոչընդոտներ է հարուցելու դրանց հաղթահարման ճանապարհին: Առճակատման ոգով գրված այդ փաստաթուղթը Թուրքիային ստիպելու է ավելի կոշտ դիրք գրավել Հայաստանի նկատմամբ` ինչպես հայ-թուրքական հարաբերությունների, այնպես էլ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Իսկ դա լավագույն դեպքում նշանակում է ստատուս-քվոյի պահպանում` Հայաստանի և Ղարաբաղի համար իր բոլոր վերոշարադրյալ բացասական հետեւանքներով` տնտեսական անկում, ներդրումների կրճատում, քաղաքական մեկուսացում, արտագաղթի սաստկացում և այլն: Մինչդեռ վատագույն դեպքում` «Հռչակագրի» բնագրում տարածքային պահանջների ընդգրկումը Թուրքիային և Ադրբեջանին լրացուցիչ հիմք է տալու Ղարաբաղյան խնդրի էությունը վերջնականապես խեղաթյուրելու և այն ինքնորոշման իրավունքի իրացման փոխարեն, որպես Հայաստանի ծավալապաշտական նկրտումների արտահայտություն ներկայացնելու համար:

Կարող է տպավորություն ստեղծվել, թե ես անհարկիորեն չափազանցում եմ և, հակառակ իմ մտահոգության, թե՛ Թուրքիան, թե՛ աշխարհի մնացյալ պետությունները, նկատի ունենալով Ցեղասպանության 100-ամյակի առթիվ հայ ժողովրդի բնական զգացականությունը, ըմբռնումով կմոտենան Հայաստանի իշխանությունների հռետորաբանության կոշտացմանը և մեծ կարևորություն չեն տա խնդրո առարկա հռչակագրին: Երկու պատճառով խիստ կասկածում եմ, որ այդպես կլինի: Նախ` Հայաստանում գործող օտարերկրյա դեսպանատներն ուշի- ուշով հետևում են Ցեղասպանության 100-ամյակի առթիվ մեզ մոտ տեղի ունեցող բոլոր կարևոր միջոցառումներին և այդ մասին հաստատաբար հանգամանորեն զեկուցում են սեփական կառավարություններին: Եվ երկրորդ` Թուրքիան, անտարակույս, մանրադիտակով է ուսումնասիրելու Հռչակագիրը, վեր հանելով վերջինիս բոլոր մանրամասներն ու դրանք ներկայացնելով օտարերկրյա իր գործընկերներին: Որ սա սոսկ ենթադրություն չէ, ապացուցվում է այն իրողությամբ, թե թուրքական դիվանագիտությունն ինչպիսի ուշադրությամբ է ուսումնասիրել Հայաստանի անկախության հռչակագիրն ու Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Բերենք ընդամենը մեկ օրինակ: Ինչպես իր հարցազրույցներից մեկում նշում է ԽՍՀՄ-ում Թուրքիայի նախկին դեսպան Վոլքան Վուրալը. «Թուրքիան անհանգստացած էր որոշակի զարգացումների պատճառով, որպիսիք էին Հայաստանի նոր սահմանադրությունն ու անկախության հռչակագիրը: … Հայաստանի անկախության հռչակագիրը, բնականորեն բազմաթիվ ակնարկներ էր պարունակում Արևմտյան Հայաստանի, այսինքն թուրքական տարածքի նկատմամբ, ինչպես նաև հավաստումներ` Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ջանքեր գործադրելու վերաբերյալ: Այն տպավորությունն էր ստեղծվում, որ Հայաստանը տարածքային պահանջներ ունի Թուրքիայից: … Մարդիկ, հնարավոր է, հռետորաբանորեն հայտարարեն, պահանջեն որոշակի բաներ: Նրանք կարող են Մեծ Հայաստանի մասին երազել: Երազների համար սահմաններ չկան: Այնուամենայնիվ, իրականությունն ակնհայտ է: Կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը Թուրքիայից հողեր վերցնել: Ո՞ր խելամիտ մարդու մտքով դա կարող է անցնել: Մեր զինված ուժերի թվաքանակը Հայաստանի ողջ բնակչության չափ է» (տե՛ս forum.hyeclub.com, 11.09.2008):

Ինչևիցե, բոլոր առումներով ակնհայտ է, որ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը» ոչ մի կապ չունի Հայաստանի իրական խնդիրների հետ, արմատապես հակասում է նրա պետական շահերին, նոր բարդություններ առաջացնում հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացներում և ծառայում բացառապես հայության հայրենասիրական զգացումների շահարկմամբ քաղաքական դիվիդենտներ ստանալու Հայաստանի հանցավոր վարչախմբի հետապնդած ճղճիմ նպատակին: Հռչակագիրն, ըստ այդմ, արկածախնդրությունից կամ, խնայելով հայերենը, ավանտյուրայից բացի, այլ բառով չի կարելի բնութագրել, քանի որ այն, իր պարունակած վտանգներով, գրեթե չի տարբերվում Գում-Գափուի (1890 թ.), Բանկ-Օտտոմանի (1896 թ.), Շուշիի (1920 թ.), Օլթիի (1920 թ.) եւ վերջապես` փետրվարյան (1921 թ.) ավանտյուրաներից: Հուսանք միայն, որ նրա հետևանքներն ավելի աղետալի չեն լինի, քան թվարկվածներինը:

Հոդվածս ավարտելուց առաջ ավելորդ չեմ համարում նշել, որ Հայաստանի հանցավոր վարչախումբն այսօր փորձում է հայ ժողովրդին ներքաշել նաև Հայոց պետականության հիմքերը խարխլելուն միտված մի նոր ավանտյուրայի` Սահմանադրության փոփոխության գործընթացի մեջ, ինչը, սակայն, առանձին խոսակցության առարկա է, որին կանդրադառնամ մի այլ առիթով»:

Tekali Taxi