Զբաղվածության Վանաձորի տարածքային կենտրոնում 2014թ֊ի հունվարի մեկի դրությամբ գրանցված է եղել 3427 գործազուրկ, 2015թ֊ի նույն ժամանակահատվածում թիվը աճել է՝ կազմելով 4275։ Այս մասին «Ասպարեզ» օրաթերթում գրում է Գոհար Մովսիսյանը՝ նշելով, որ սրա հիմքում Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանն օբյեկտիվ և սուբյեկտիվ երկու հիմնական պատճառ է տեսնում։
«Սա կարելի է բացատրել մի քանի տեսանկյունից․ իրապես գործազուրկների թիվն է ավելացել, նաև բարձրացել է հետաքրքրությունը զբաղվածության կենտրոնների նկատմամբ, քանի որ զբաղվածության կենտրոնները կառավարության որոշումով հաստատված մի շարք ծրագրեր են իրականացնում՝ հօգուտ գործազուրկների, որոնք հիմնականում ուղղված են աշխատանքի տեղավորման խնդիրներին»,֊ պարզաբանել է Առաքելյանը։
Եթե 2013թ֊ի ընթացքում աշխատանքի է տեղավորվել կենտրոնում հաշվառված 561 գործազուրկ, ապա 2014թ֊ի ընթացքում այս թիվը փոքր֊ինչ ավելացել է․ նշված ժամանակահատվածում աշխատանք է գտել 655 գործազուրկ։ «Ստացվում է, որ գործազուրկների թվի աճին զուգընթաց, որը կազմում է 17֊20 տոկոս, մոտ 17 տոկոսով աճել է աշխատանքի տեղավորվածների թիվը։։ Ընթացիկ տարում արդեն Վանաձորում աշխատանքի է տեղավորվել ավելի քան 60 գործազուրկ»,֊ գրում է «Ասպարեզ»֊ի թղթակիցը։
Սիմոնյանն ընդգծում է, որ եթե տղամարդիկ զբաղվածության խնդիրը լուծում են արտագնա աշխատանքով, ապա հանրապետությունում գրանցված աշխատանք փնտրողների միջինը 70 տոկոսը իգական սեռի ներկայացուցիչներ են․ Լոռու մարզկենտրոնում այս ցուցանիշը կազմում է 74֊75 տոկոս։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում