Տևական ժամանակ է, ինչ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի շուրջ մտահոգիչ տեղեկություններ են շրջանառվում: Դրանց համաձայն` ինչպես Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն է հայտնվել վատ վիճակում, այնպես էլ առաջիկայում նման հեռանկար է սպառնում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին: Ավելին՝ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ հնարավոր է առաջիկայում ընկերությունը բռնի սնանկացման ճանապարհը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթը հիշեցնում է, որ «ՀԿԵ»-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է: 2008թ. փետրվարի 13-ին Երեւանում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև կնքվել է կոնցեսիոն պայմանագիր` «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն «ՀԿԵ» ՓԲԸ-ին կառավարման հանձնելու մասին: Ըստ այդ պայմանագրի` կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է, քսան տարվա աշխատանքից հետո տասը տարի երկարաձգման իրավունքով, կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
ՀԿԵ-ի պաշտոնական կայքէջում նշված է, որ ընկերության կողմից իրականցվելիք ներդրումների չափը կազմում է 572 մլն դոլար, որից 220 մլն-ը պլանավորված էր ներդնել անցած 5 տարվա ընթացքում:
Վերջին շրջանում, սակայն, համառ տեղեկություններ են պտտվում այն մասին, որ ՀԿԵ-ն ծանր ֆինանսական վիճակում է: Ըստ այդ տեղեկությունների՝ առաջիկայում հնարավոր է, որ ՀԿԵ-ն էլ, ինչպես ՀԷՑ-ը, բռնի սնանկացման ճանապարհը, քանի որ ընկերությունն այս ընթացքում բազմաթիվ պարտքեր է կուտակել, որոնք դժվարանում է մարել:
«Ժողովուրդ»-ը ընկերության հնարավոր սնանկացման մասին տեղեկությունները ճշտելու համար դիմել է«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն, որտեղից փոխանցել են հետևյալը. «Բացառվում է: Ընկերությունը ոչ պարտք ունի, ոչ էլ կսնանկանա: Ինչպե՞ս կարող է այս ընկերությունը սնանկանալ, եթե 570 մլն դոլարի ներդրում պետք է իրականացվի: Այսինքն՝ ռուսական կողմը 2008-2015 թվականների ընթացքում ներդրել է 245 մլն դոլար, մոտ 300 մլն դոլարի չափով էլ դեռ պետք է ներդնի»:
«Ժողովուրդը» նշում է, որ հատկապես վերջին պնդումը բավական կասկածելի է` հաշվի առնելով Ռուսաստանի տնտեսության ներկայիս անմխիթար վիճակը: Առավել իրատեսական է համարվում այն տարբերակը, որ ռուսական կողմը չի կարողանա ներդրումներ իրականացնել, և ընկերության տնօրինությունը ստիպված կլինի ներքին ռեսուրսներով իր կարիքները հոգալ:
«Ժողովուրդ»-ը նշում է նաև, որ ՀԿԵ-ի աշխատակիցներից բողոքներ է ստացել այն մասին, որ ընկերության տնօրինությունը ներքին կարգով աշխատակիցներին տեղեկացրել է, որ ապրիլի 1-ից նախկին ութ ժամի փոխարեն իրենք աշխատելու են 7 ժամ և ըստ այդմ էլ վարձատրվելու են:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում