Home / Հայաստան / Շաքարի գներն աշխարհում նվազում են, բայց Հայաստանի վրա դա չի անդրադառնում․ «ՀԺ»

Շաքարի գներն աշխարհում նվազում են, բայց Հայաստանի վրա դա չի անդրադառնում․ «ՀԺ»

Աշխարհում սննդամթերքը էժանանում է բավական զգայի տեմպերով: Մասնավորապես, շաքարի և բուսական յուղի միջազգային գները երեկ թարմացրել են իրենց 5-ամյա ռեկորդները: Դրանց գները 2009 թվականից այս կողմ երբեք այդքան ցածր չեն եղել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Թերթն ընդգծում է, որ գների նման նվազումը, սակայն, չի արտացոլվում սննդամթերքի հայաստանյան գների վրա նույնիսկ այն դեպքում, երբ սննդամթերքի մեծ մասը ներկրվող է։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, մասնավորապես, շաքարը Հայաստանում մեկ տարվա ընթացքում թանկացել է 10 տոկոսով, իսկ միջազգային շուկայում այն էժանացել է 23 տոկոսով (մեկ տոննայի գինը Լոնդոնի բորսայում մեկ տարվա ընթացքում 480 դոլարից հասել է 367 դոլարի):

«Հաշվի առնելով այս ընթացքում դրամի արժեզրկումը՝ շաքարը ՀՀ-ում դրամով արտահայտված պետք է էժանանար մոտ 9 տոկոսով: Այսինքն, մեկ կիլոգրամի գինը պետք է լիներ ոչ թե 370 դրամ, ինչպես հիմա է, այլ մոտ 325 դրամ, և այս դեպքում շաքար ներկրողի («արտադրողի») եկամուտները նույնիսկ մեկ դրամով չէին նվազի: Իսկ դա նշանակում է, որ ներկայումս շաքար ներկրողը Սամվել Ալեքսանյանի հետ «ոչ մի կապ չունեցող» «Ալեքս Գրիգ» ընկերությունը, յուրաքանչյուր կգ շաքարավազի մեջ ստանում է լրացուցիչ 45 դրամ եկամուտ: Տարեկան դա կազմում է 4.5 մլրդ դրամ կամ մոտ 9 միլիոն դոլար», ֊ նշում է թերթը։

Նշենք, որ «Ալեքս գրիգ» ընկերությունը, որը Հայաստանում շաքարավազ ներկրելու մենաշնորհ ունի, պատկանում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին։

Tekali Taxi