Home / Հայաստան / Թուրքիան հետ է կանչում Վատիկանում իր դեսպանին․ Հռոմի Պապը խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Թուրքիան հետ է կանչում Վատիկանում իր դեսպանին․ Հռոմի Պապը խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Թուրքիան որոշել է հետ կանչել Վատիկանում իր դեսպան Մեհմեթ Փաչաջիին քննարկումներ անցկացնելու համար Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I֊ի՝ Հայոց ցեղասպանության մասին խոսքերից հետո։ Թուրքիայի արտգործնախարարությունը նաև իր մոտ է հրավիրել է Թուրքիայում Վատիկանի դեսպան Անտոնիո Լյուչիբելոյին՝ իր դժգոհությունը հայտնելով Հռոմի Պապի հայտարարության կապակցությամբ, ով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը ցեղասպանություն է որակել։ Պաշտոնական Անկարան Վատիկանի դեսպանից բացատրություն է պահանջել։

«Հռոմի Պապի այդ խոսքերը հեռու են պատմական ճշմարտությունից և օրենքից։ Դրանք անընդունելի են։ Կրոնական ուսմունքների ներկայացուցիչները չպետք է այնպիսի անհիմն հայտարարություններ անեն, որոնք ատելություն և թշնամանք են հրահրում», ֊ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի բառերն է փոխանցում թուրքական մամուլը։

Կիրակի Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագի ընթացքում, որին մեծ թվով հայեր էին ներկա, այդ թվում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հռոմի Պապը Հայոց ցեղասպանությունն անվանեց մարդկության դեմ առաջին հանցագործությունը 20-րդ դարում։

Ըստ Ֆրանցիսկոս I֊ի՝ մյուս երկու մեծագույն ողբերգություններն են նացիզմի և ստալինիզմի ոճրագործությունները։ Հռոմի Պապի խոսքով՝ նման չարիքի հերքումը չվիրակապված արյունոտ վերքի է նման։

AFP գործակալությունը նշում է, որ կաթոլիկ եկեղեցու առաջնորդն առավելագույնս դիվանագիտորեն է խոսել Հայոց ցեղասպանության մասին։ Այսպես, «ցեղասպանություն» բառը, համաձայն գործակալության, վերցված էր Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II֊ի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ֊ի համատեղ հայտարարությունից, որը ստորագրվել էր 2001 թվականին Երևանում, երբ Հռոմի Պապն այցելել էր Հայաստան քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700֊ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Նախկինում՝ 2013 թվականին, Ֆրանցիսկոս I֊ն արդեն իսկ օգտագործել էր «ցեղասպանություն» բառը՝ Մեծ Եղեռնի մասին խոսելիս, ինչը նույնպես առաջացրել էր պաշտոնական Անկարայի դժգոհությունը։

«Անցյալ դարի ընթացքում մարդկային ընտանիքը աննախադեպ երեք ողբերգություն վերապրեց։ Առաջինը, որը հաճախ անվանում են 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, հարված է հասցրել հայ ժողովրդին», ֊ երեկ ասել է Ֆրանցիսկոս I-ը։ Նա նշել է, որ այդ ընթացքում կոտորվել են նաև հույներ և ասորիներ։

Հռոմի Պապը նաև կոչ է արել միջազգային կազմակերպություններին և պետությունների ղեկավարներին «ճանաչել ճշմարտությունը»։

Tekali Taxi