Home / Տեսանյութեր / Սպանվածի հայրը չի հասկանում՝ ինչու վկաները դատարանում ճիշտը չեն ասում

Սպանվածի հայրը չի հասկանում՝ ինչու վկաները դատարանում ճիշտը չեն ասում

15-ամյա Դավիթ Հովակիմյանի սպանության փորձի մեջ մեղադրվող վանաձորցի Կարեն Կունգորցևի գործով հարցաքննվող վկա Սեդա Պ-ն երեկ դատարանում հայտարարել է, որ ինքը տեսել է, թե ինչպես 2013 թվականի հոկտեմբերի 12-ի գիշերը քաղաքացիական համազգեստով 5 անձինք, քաշքշելով և հարվածներ հասցնելով, աշխատավայրից (երիտասարդը փռում էր աշխատում֊խմբ․) տարել Կունգորցևին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Կունգորցևի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը: Կունգորցևը, ով հերքում է մեղադրանքը, ձերբակալվել է հենց Հովակիմյանի սպանության օրը, երեք օր պահվել է ոստիկանությունում, հետո նրան բանտ են տեղափոխել։ Սեդա Պ֊ն, ով Կունգորցևի հետ փռում էր աշխատում, հայտնել է, որ երբ իրեն հրավիրել են ոստիկանության բաժին հարցաքննության, բաժնի ղեկավարներից մեկը իրեն փորձել է ստիպել իր կողմից թելադրած ցուցմունք գրել: Նա հրաժարվել է, որից հետո իրեն սկսել են սպառնալ, մի քանի անգամ փորձել են հարվածներ հասցնել, բայց, կնոջ խոսքով, ինքը դիմակայել է բոլոր ճնշումներին:

 

Սեդա Պ-ի հարցաքննությամբ ավարտվել է շուրջ 30 վկաների հարցաքննությունը, որոնք բոլորն էլ ասել են, որ դեպքի վայրում մեղադրյալ Կունգորցևին չեն տեսել և նրան չեն ճանաչում։ 

Այնուհետ հարցաքննվել է տուժողի իրավահաջորդ, Դավիթ Հովակիմյանի հայրը՝ Հակոբ Հովակիմյանը: Վերջինս նշել է, որ իր համար չափազանց անհասկանալի իրավիճակ է ստեղծվել, իսկ հարցաքննված շուրջ 30 վկաների ցուցմունքներին էլ խիստ վերապահումով է մոտենում, իր կարծիքով՝ դրանք առավելապես ճիշտ չեն: Նա ասել է, որ իր մոտ հատկապես կասկածներ են առաջացնում վկա պատանիների նախաքննական և դատարանում տված ցուցմունքների ակնհայտ տարբերությունները: Ըստ Հակոբ Հովակիմյանի՝ իր մոտ այնպիսի տպավորություն է, որ բոլոր վկաները վախեցած են կամ ինչ-որ հանգամանք կա, որ նրանք ճիշտը չեն պատմում, անհնար է, որ ոչ ոք ոչինչ տեսած չլինի, ավելին՝ վկաների առնվազն մի մասը տեսել են և գիտեն ճշմարտությունը, սակայն անհասկանալիորեն դատարանում ճիշտը չեն ասում: 

Նշենք, որ Կարեն Կունգորցևը չի ընդունում ոչ իրեն ի սկզբանե մեղսագրված արարքը՝ Դավիթ Հովակիմյանի սպանությունը, ոչ էլ դեպքից 10 ամիս անց փոփոխված՝ սպանության փորձի մեղադրանքը:

Մեղադրյալը կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմել է ինքնավնասման, հացադուլ է արել: Նրա մայրը նշել է, որ որդուն ծեծել են ոստիկանությունում՝ պահանջելով ընդունել մեղքը:

Ավելի վաղ news.am կայքը գրել է, որ Վանաձորում լուրեր են շրջանառվում, թե 15-ամյա Դավիթ Հովակիմյանին սպանել է ԱԱԾ աշխատակցի որդին, որին էլ իրավապահ մարմինները խնամքով թաքցնում են:

Կունգորցևի մեղադրանքը սպանությունից սպանության փորձի է վերաորակվել օգոստոսի վերջին։ Միևնույն ժամանակ անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերելու և մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ մեղադրանք է առաջադրվել «Վանաձորի բժշկական կենտրոն» ընկերության բժիշկ Վլադիմիր Ղուկասյանին, ով կալանավորվել է։

Tekali Taxi