Home / Հայաստան / Թուրքիան պետք է առերեսվի իր անցյալի հետ․ Եվրախորհրդարանը Ցեղասպանության մասին բանաձև ընդունեց

Թուրքիան պետք է առերեսվի իր անցյալի հետ․ Եվրախորհրդարանը Ցեղասպանության մասին բանաձև ընդունեց

Եվրախորհրդարանը միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող ոգեկոչման արարողությանը և հարգանքի տուրք է մատուցում բոլոր ցեղասպանությունների անմեղ զոհերին։ Այս մասին ասված է Եվրախորհրդարանի կողմից երեկ երեկոյան ընդունված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման մասին» 9 կետ պարունակող բանաձևում, որի հեղինակները վերահաստատում են դեռևս 1987 թվականին Եվրախորհրդարանի կողմից ընդունված մեկ այլ բանաձև, որում 1915-1917թթ․ հայերի կոտորածը ճանաչվում է որպես ցեղասպանություն։

Բանաձևի հեղինակները կոչ են արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ողջունել են երկրներին, որոնք արդեն դա արել են։

Եվրախորհրդարանի պատգամավորները համարում են, որ Թուրքիան պետք է օգտագործի Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթն իր անցյալի հետ առերեսվելու և դրանով իսկ հայ և թուրք ժողովուրդների միջև հաշտեցման իրական ճանապարհ հարթելու համար։

Ընդունված բանաձևն առաջարկում է նաև սահմանել Ցեղասպանությունների հիշատակման միջազգային օր: Բանաձևում նշվում է նաև, որ Եվրախորհրդարանը բանաձևն ուղարկում է Եվրամիության խորհրդրին, Եվրահանձնաժողովին, Եվրամիության անդամ երկրների խորհրդարաններին՝ կոչ անելով միանալ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։

Հայաստանը, ի դեմս ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ողջունել է բանաձևի ընդունումը՝ նշելով, որ դրանով իսկ Եվրոպական խորհրդարանը ևս մեկ անգամ վերահաստատեց իր հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը և համամարդկային արժեքներին։

Tekali Taxi