Գլխավոր / Տեսանյութեր / Ղարաբաղի իշխանություններն ու ԱԱԾ֊ն ճնշում են ընդդիմադիրներին․ հայտարարություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ղարաբաղի իշխանություններն ու ԱԱԾ֊ն ճնշում են ընդդիմադիրներին․ հայտարարություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախի իշխանությունները որդեգրել են ճնշումների քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղում մայիսի 3֊ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Ազգային վերածնունդ» կուսակցության նկատմամբ։ Այս մասին հայտարարում է կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Գրիգորյանն «Ազգային վերածնունդ»֊ի տարածած նախընտրական հոլովակում։ Նա համոզմունք է հայտնում, որ ճնշումների և հակասահմանադրական գործողությունների գլխավոր պատասխանատուն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն է և ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանը։

Նա նշել է, որ հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաները սպառնում են կուսակցության համակիրներին՝ պահանջելով չհամագործակցել իրենց հետ։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ԱԱԾ հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Աշոտ Գրիգորյանին, ով, ըստ կուսակցության ներկայացուցչի, հանդիպում է իրենց համակիրներին, պահանջում է չաշխատել «Ազգային վերածնունդ»֊ի համար, հակառակ դեպքում՝ խոստանում խնդիրներ ստեղծել նրանց համար։

«ԱԱԾ-ի նկատմամբ հասարակության վերահսկողության հաստատումը Արցախի առաջնային խնդիրներից մեկն է։ Հայության առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է Ազգային անվտանգության ծառայությունը սովետական ոճի ռեպռեսիվ կազմակերպությունից վերածել ազգային կառույցի, որը, սեփական քաղաքացիներին լրտեսելու և վախեցնելու փոխարեն, կկարողանա լուծել իր անվանը հարիր խնդիրներ։

Մայիսի 3-ին բոլորս միասին կարող ենք ցույց տալ Արցախի կոռումպացված իշխանություններին, որ մենք ենք տերը այս երկրի։ Մայիսի 3-ին կարող ենք ցույց տալ Սահմանադրությունը ոտնահարող չեկիստներին ու նրանց վերադասներին, որ Արցախն ազատ, անվախ ու արժանապատիվ մարդկանց հայրենիք է։ Մայիսի 3-ին կարող ենք հաստատել ժողովրդի իշխանություն», ֊ իր խոսքը եզրափակում է Տիգրան Գրիգորյանը։

Մանրամասները՝ «Ազգային վերածնունդ» կուսակցության տեսանյութում․