Home / Հայաստան / Ղարաբաղյան հակամարտության լուծման տարբերակ կունենա միայն նոր սերունդը․ ռուսաստանցի քաղաքագետ

Ղարաբաղյան հակամարտության լուծման տարբերակ կունենա միայն նոր սերունդը․ ռուսաստանցի քաղաքագետ

Ղարաբաղյան հարցը պետք է սառեցվի մի քանի սերնդի համար։ Դա հնարավորություն կտա հակամարտության բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնել։ Այս մասին ադրբեջանական vesti.az կայքի հետ զրույցում ասել է ռուսաստանցի քաղաքական գործիչ, «Աջ ուժերի միություն» համառուսաստանյան հասարակական շարժման նախագահ Լեոնիդ Գոզմանը։

֊ Դուք լավ ծանոթ եք ղարաբաղյան հակամարտությանը, քանի որ ժամանակին «Ռուսաստանյան մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեի» անդամ էիք։ Ներկայումս ինչպե՞ս եք տեսնում հետխորհրդային տարածքում ամենահին հակամարտության լուծումը։

֊ Այո, ես ոչ միայն շատ լավ ծանոթ եմ ղարաբաղյան հակամարտության պատմությանը, այլ նաև մասնակցել եմ միջնորդական առաքելությանը։ Մենք այցելել էինք Երևան, Բաքու, ռազմական գործողությունների գոտի։ Այն ժամանակ պատերազմում էին միայն աշխարհազորայինները, ոչ Ադրբեջանը, ոչ էլ Հայաստանը դեռևս բանակ չունեին։ Մենք փորձում էինք միջնորդի դեր ստանձնել, սակայն թերագնահատում էինք հակամարտության բարդությունները։

Ինձ թվում է, որ ղարաբաղյան հակամարտությունն այն դեպքերից է, երբ այն պետք է սառեցվի մեկ կամ երկու սերնդի համար։ Ամուր խաղաղությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ բոլոր կողմերն այն ճշմարիտ և արդար են համարում։ Երբ ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը, Ֆրանսիայի և Անգլիայի առաջնորդներ Կլեմանսոն ու Լլոյդ Ջորջը Գերմանիայի հանդեպ ծայրահեղ դաժան և անարդար Վերսալի խաղաղ պայմանգիր կնքեցին։ Այդ իսկ պատճառով ռևանշիստների առջև ճանապարհ բացվեց՝ 15 տարի անց Գերմանիայում իշխանության եկավ Հիտլերը, իսկ հետո դաժան Երկրորդ Համաշխարհային պատերազմն էր։ 1945 թվականին, գիտակցելով իրենց նախկին սխալը, արևմտյան տերությունները Գերմանիայի հանդեպ միանգամայն այլ կերպ իրենց պահեցին, այդ իսկ պատճառով Գերմանիան հիմա դեմոկրատական երկիր է, բոլոր նորմալ եվրոպական պետությունների դաշնակիցն է։ Նույնը՝ Ղարաբաղի հետ կապված։

Ենթադրենք՝ ադրբեջանական բանակը հաղթի հայերին։ Դա կնշանակի, որ հակամարտությունը խորացավ, և 20-30 տարի հետո այն նոր ուժով կպոռթկա։ Նույնը կլինի, եթե հայկական բանակը հաղթի ադրբեջանականին։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ, պետք է այնպես պայմանավորվել, որ հակամարտության բոլոր կողմերը համարեն, որ իրենք հաղթել են։ Վախենամ՝ այսօր նման տարբերակ չկա։ Այդ տարբերակը կարող է հայտնվել միայն նոր սերնդի մոտ։

Tekali Taxi