Home / Հայաստան / Սահմանին գազի գնի իջեցումը պետք է հանգեցնի սպառողի համար գնի նվազեցմանը․ պատգամավոր

Սահմանին գազի գնի իջեցումը պետք է հանգեցնի սպառողի համար գնի նվազեցմանը․ պատգամավոր

Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը 25 դոլարով նվազեցրել է Հայաստանին վաճառվող գազի գինը, և դա պետք է հանգեցնի սպառողին հասնող գազի գինը նվազեցնելուն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Այժմ «Գազպրոմ Արմենիան» սահմանին գազը ստանալու է 165 դոլարով 1000 խմ֊ի դիմաց նախկին 189 դոլարի փոխարեն։ Մանուկյանի խոսքով՝ ոչ ոք իրավունք չուներ պաշտոնապես հայտարարել, թե գնի իջեցումը չի անդրադառնա սպառողին վաճառվող գազի գնի վրա, և այդ հարցը նախ պետք է քննարկվեր և որոշվեր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում։

«Հարգարժան կառավարություն։ Սահմանից էս կողմ ստեղծվել է հնարավորություն սպառողին, քաղաքացուն հասնող գազն էժանացնել մասնավորապես մի կետով՝ ավելացված արժեքի հարկը պետք է համապատասխան չափով նվազեցնել։ Գոնե այդ 25 դոլարով սահմանի գնի իջեցմանը համապատասխան պետք է իջեցվեր գազի գինը սպառողի համար»,֊ ասել է Արամ Մանուկյանը։

Մինչ հարցին պատասխանելը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ասել է, որ գազի գնի իջեցումը 2 ամսվա ՀՀ և ՌԴ իշխանությունների տարած բանակցությունների արդյունքն է, որի «թղթային ձևակերպումը դեռ չկա»։ «Գազի սակագինը ներքին սպառողի համար իջեցնելու մասին որևէ պետական հայտարարություն չի եղել»,֊ ասել է Զախարյանը։

Մանուկյանը նկատել է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի պատասխանատուն հայտարարել է, որ լինելու են ներդրումներ, կորուստներ կան նաև կապված դրամ֊դոլար հարաբերակցության հետ, Հայաստանը պետք է գազաֆիկացվի 100 տոկոսով, ուստի գազի սակագինը չի իջնելու։   

Tekali Taxi