Home / Տեսանյութեր / Սերժ Սարգսյանը շարունակում է ընտրովի մոտենալ բաց վերքերին

Սերժ Սարգսյանը շարունակում է ընտրովի մոտենալ բաց վերքերին

Եթե չեն պատժվում, մեղավորները չեն ընդունում իրենց արածը, վերքը բաց է մնում ու արյունահոսում է։ Հռոմի պապ Ֆրանցիսկոս I֊ի՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առթիվ ասված այս խոսքերը կիրառելի են նաև Հայաստանում չբացահայտված սպանությունների համար։ Սրա մասին էին խոսում բանակում տարբեր տարիներին խաղաղ պայմաններում սպանված զինվորների ծնողները, ովքեր ապրիլի 30-ին հերթական անգամ եկել էին նախագահի նստավայրի մոտ՝ պահանջելու արդար դատաքննություն (տեսանյութը՝ ստորև)։ 

«Սերժ Սարգսյանը ուրախանում է, որ Հռոմի պապը խոսել է ցեղասպանությունից։ Պապն ասել էր, եթե չեն պատժում, մեղավորները չեն ընդունում իրենց արածը, վերքը բաց է մնում։ Այդ նույն խոսքերը մեր համար էլ է ճիշտ։ Մեր վերքերն արունահոսում են։ Սերժ Սարգսյանը ասում է՝ Թուրքիան պետք է ընդունի Հայոց Ցեղասպանությունը, որ մեր հավատքը վերականգնվի։ Այդ նույն բանը մեր մասին էլ է: Բա մե՞ր հավատքը։ Թող Սերժ Սարգսյանը նախ ընդունի մեր ընտանիքների ցեղասպանությունը։ Ես հիմա տղա չունեմ, որ իմ ազգը շարունակի», ֊ ասել է 2013-ի մարտին զոհված Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը:

Ոստիկանները թույլ չէին տալիս ծնողներին մոտենալ նախագահական նստավայրին։ Համազգեստավորներին խնդրեցին գոնե չկանգնել իրենց որդիների նկարներով պաստառի դիմաց, որպեսզի փողոցով անցնողները այն տեսնեն և որ պատկերները տեսանելի լինեն նաև ակցիայի հիմնական հասցեատիրոջ գրասենյակի պատուհաններից։

Ոստիկանները շարունակաբար փակում էին մեկ մետրանոց պաստառը, ինչը հարուցել է ակցիայի մասնակիցների զայրույթը։ «Հանգստացի, քեզ ոչ մեկ չի անհանգստացել։ էն որ անհանգիստ եք, դա արդեն ձեր խնդիրն է», ֊ արձագանքել է ավագ լեյտենանտը (նկարում)։ Մյուս ոստիկանը պնդում էր, թե վիրավորվում է, երբ բողոքողները «իրենց մայերին և քույրերին են կպնում»։

2013 թվականին Ղարաբաղում զոհված Արման Մուրադյանի հայր Հովսեփ Մուրադյանն անդրադարձել է ԱԺ ընդունված օրենքին, որի համաձայն, արտասահման մեկնած և բանակում չծառայած ՀՀ քաղաքացիները կարող են հետ վերադառնալ և, տուգանք վճարելով, ազատվել քրեական պատասխանատվությունից։ «Մեր սպանված երեխաների նկարները տեսնելուց հետո ո՞վ պետք է վերադառնա ծառայելու։ Պարզ է, որ այս օրենքը ընդունել են որպես փող պոկելու նոր մեթոդ», ֊ ասել է Հովսեփ Մուրադյանը։

Բանակում զոհված զինվորների ծնողները երթով գնացին Ազատության հրապարակ և ակցիան շարունակեցին այնտեղ։

պատրաստել է Քնար Խուդոյանը

Tekali Taxi