Ապրիլի 7-ին ձերբակալված «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության 5 առաջնորդների խափանման միջոցը փոխվել է, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը։
Համաձայն պաշտոնական հաղորդագրության, դատախազ Վ.Պողոսյանը նախաքննական մարմնից, ստուգման նպատակով պահանջել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամների նկատմամբ հարուցված քրեական գործը:
«Քրեական գործի նյութերի ստուգմամբ պարզվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գևորգ Սաֆարյանը, Գարեգին Չուգասզյանը ու Պավել Մանուկյանը, 2014 թվականի մայիսից, ձեռնարկելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստական գործողություններ, ծրագրել էին դրանք իրականացնել 2015 թվականի ապրիլի 24-ին, սակայն այդ գործողությունները կանխվել են իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից:
Ստուգման արդյունքում գործով հսկողություն իրականացնող դատախազը որոշում է կայացրել գործով մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և որպես խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին ընտրելու վերաբերյալ:
Որոշումը կայացվել է նկատի առնելով, որ արդեն անցել է Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակման օրը և վերոնշյալ անձինք չեն կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, նախաքննության ընթացքում արդեն կատարվել են անհետաձգելի անհրաժեշտ քննչական գործողությունները, ու վերջիններս, ազատության մեջ մնալով, չեն կարող խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը», ֊ ասված է ՀՀ դատախազության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ձերբակալվել էին նախաձեռնության 6 անդամներ։ Նրանցից 5-ին՝ Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Գարեգին Չուգասզյանին, Գևորգ Սարֆարյանին կալանավորել են զանգվածային անկարգությունների նախապատրաստման մեղադրանքով, իսկ Արամ Հակոբյանին մեղադրել են ապօրինի զենք֊զինամթերք պահելու մեջ ու ազատ արձակել գրավի դիմաց։
Համաձայն ՀՀ քննչական կոմիտեի, ձերբակալությունները կապված են այն փաստի հետ, որ իրավապահ մարմինները տեղեկություններ են ձեռք բերել, թե «մի խումբ անձինք, հաշվի առնելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ 2015թ. ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետության տարածքում նախատեսված համազգային հրապարակային միջոցառումների ընթացքում մարդկանց մեծ կուտակումներ առաջանալու իրական հնարավորությունը, կոչեր են հնչեցնում այդ օրը չկատարել իշխանության ներկայացուցիչների պահանջները. անհրաժեշտության դեպքում նրանց նկատմամբ կիրառել բռնություն, դիմել ուժային պայքարի»։
«Հիմնադիր խորհրդարանն» իր առջև իշխանափոխության խնդիր է դրել։ Միևնույն ժամանակ, նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանն ավելի վաղ նշել էր, որ ապրիլի 24-ին իրենք չեն պատրաստվում խժդժություններ կազմակերպել։
Նախաձեռնության անդամներին բանտում այցելել էր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարել էր, որ ձերբակալվածները քաղբանտարկյալներ են։