Home / Տեսանյութեր / «Ռուսաստանին հարցրե՞լ եք»․ ՀՀ֊ում ուզում են արտերկրում աշխատողների հարկերը բերել պետբյուջե

«Ռուսաստանին հարցրե՞լ եք»․ ՀՀ֊ում ուզում են արտերկրում աշխատողների հարկերը բերել պետբյուջե

ՀՀ Կառավարությունն առաջարկում է «Եկամտահարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ մտցնել՝ 13 տոկոս հարկային դրույքաչափ սահմանելով այն վարձու աշխատողների համար, որոնք աշխատանքներ են ծավալում բացառապես ՀՀ տարածքից դուրս և աշխատում են շինարարական, շինմոնտաժային ոլորտներում։ Նրանք պետք է գրանցվեն Հայաստանում և համապատասխան հարկը արտերկրում վճարելու փոխարեն, վճարեն ՀՀ հարկային մարմիններին։

Նույն ոլորտներում աշխատող գործատուների համար օրենքի փոփոխությամբ շահութահարկը սահմանվելու է 5 տոկոս։ Օրենքում փոփոխություն կատարելու առաջարկն ԱԺ֊ում արտահերթ նիստի ժամանակ ներկայացրել է Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը։ Նա ասել է, որ նպատակն արտերկրում աշխատող ՀՀ քաղաքացիների հարկերը պետբյուջե ուղղելն է, ինչն օրենսդրական մեխանիզմները թույլ են տալիս անել՝ առանց քաղաքացիների համար լրացուցիչ հարկային բեռ ստեղծելու։

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նախ քննադատել է Կառավարության նախագիծը՝ նշելով, որ լուրջ օրենքը քննարկման է դրվել «ափալ֊թափալ կերպով»։

«Ռուսաստանին հարցրե՞լ եք, որ սենց օրենք եք ուզում ընդունել։ Այսպե՞ս ենք մեր գործընկերային պարտավորությունները կատարում: Բա որ այստեղ նստածներից մեկը վերցնի ու Պուտինին նամակ գրի: Երկրորդ՝ ես հոգնել եմ արտասահմանյան հայ օլիգարխներից: Մի օր մեր պետությունը կքանդեն․ արդեն մենք լրիվ քանդում ենք մեր հարկային դաշտը։ Առաջին անգամ եմ տեսնում, որ ուղիղ հարկերը՝ եկամտահարկ, շահութահարկ, դնեն դիֆերենցեն ըստ աշխատանքների։ Երրորդ՝ ես ստեղ եմ աշխատում, 24% տամ, գնամ Ռուսաստան՝ 13%։ Ի՞նչ եք ասում՝ գնա արտագաղթի՞, հոգնե՞լ եք մեզանից», ֊ նշել է Հրանտ Բագրատյանը։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն ասել է, որ Կառավարությունը փոխարենը կանխի արտագաղթը, արտագաղթածներից փորձում է օգուտ քաղել։

Վախթանգ Միրումյանը հակադարձել է, թե Կառավարությունն ընդամենը ցանկանում է այդ օգուտը տեղափոխել Հայաստան։ 

Tekali Taxi