Home / Հայաստան / Ղարաբաղում պետք է քայլեր ձեռնարկել ընդդիմության համար ազատ մրցակցության ապահովման համար․ ՀԱԿ

Ղարաբաղում պետք է քայլեր ձեռնարկել ընդդիմության համար ազատ մրցակցության ապահովման համար․ ՀԱԿ

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը Լեռնային Ղարաբաղում մայիսի 3-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ 5 կետ պարունակող հայտարարություն է տարածել․

1. Հայ Ազգային Կոնգրեսը ողջունում է ընտրությունների՝ Ղարաբաղի պետականության կարևորագույն ատրիբուտներից մեկի, կայացման փաստը։

2. Մեզ համար բացարձակապես անհասկանալի և անընդունելի է Ադրբեջանի և նրա ճնշման ներքո՝ միջազգային հանրության բացասական, եթե չասենք անհանդուրժողական, վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացող բոլոր ընտրությունների նկատմամբ, քանի որ դա հակասում է Մինսկի Խմբի հիմնադրման մասին ԵԱՀԿ 1992թ. որոշման այն դրույթին, համաձայն որի «Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչները համաժողովի կհրավիրվեն նրա նախագահի կողմից որպես շահագրգիռ կողմեր»։

3. Միևնույն ժամանակ կարևոր ենք համարում այն հանգամանքը, որ այս տարի Մինսկի խմբի համանախագահները նրբացրել են իրենց մոտեցումը ղարաբաղյան վերջին ընտրությունների նկատմամբ՝ ապրիլի 30-ին ընդունած հայտարարության մեջ նշելով, որ ճանաչում են «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերը սեփական ապագան որոշելու գործում»։

4. Ինչ վերաբերում է ընտրությունների գնահատականին, ապա դիտորդների ընդհանուր տեսակետի համաձայն դրանք անցել են օրինականության սահմաններում, թեև հարկ ենք համարում ընդգծել նաև որոշ ընդդիմադիր քաղաքական ուժերի քննադատական արձագանքների արդարացիությունը։

5. Այս առումով անհրաժեշտ ենք համարում անյպիսի քայլերի ձեռնարկումը, որոնք ուղղված կլինեն Ղարաբաղում ժողովրդավարության ամրապնդմանը, ընդդիմության համար ազատ մրցակցության և հավասար պայմանների ապահովմանը, ինչպես նաև ընտրական գործընթացում վարչական ռեսուրսի կիրառման բացառմանը։

Tekali Taxi