Home / Տեսանյութեր / «Խոշտանգումն արդարադատության դեմ հանցանք է»․ Ջհանգիրյանը դժգոհ է կառավարության օրինագծից

«Խոշտանգումն արդարադատության դեմ հանցանք է»․ Ջհանգիրյանը դժգոհ է կառավարության օրինագծից

ՀՀ կառավարության կողմից ԱԺ ներկայացված «Խոշտանգման համար քրեական պատասխանատվություն նախատեսող իրավակարգավորումների հստակեցման մասին» օրինագիծը քննադատության է ենթարկվել մի շարք պատգամավորների կողմից։ Օրինագիծը ներկայացնող Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը ասել է, որ փոփոխությունը նպատակ ունի ՀՀ քրեական և քրեադատավարական օրենսգրքերը համապատասխանեցնել միջազգային կոնվենցիաների պահանջներին։ Նոր փոփոխությամբ՝ խոշտանգումը դասվելու է պետական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների շարքին։ Այս մոտեցումը, սակայն, ըստ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի, խնդիրներ է առաջացնելու իր հետ սերտորեն կապված այլ հանցակազմերի որակման հարցում։

Նրա խոսքով՝ խոշտանգումը նախ և առաջ արդարադատության դեմ ուղղված հանցագործություն է, հետո միայն կոնկրետ անձանց, և օրենքը պետք է այս տրամաբանությամբ մշակել։

«Խոշտանգումների բացարձակ մեծամասնությունը կատարվում է արդարադատության ոլորտում, հետևաբար, եթե մենք 341 հոդվածի (Դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելը – խմբ․) հանցակազմը խոշտանգման առումով հանում ենք, ստացվում է՝ հիմնական ոլորտում, որտեղ խոշտանգումը արվում է, այս հոդվածը չի գործելու։ Գործելու է 309.1֊ը (Պաշտոնեական լիազորություններն անցնելը – խմբ․), որը ծառայության դեմ հոդված է՝ պաշտոնական հանցագործություն է»,֊ ասել է Ջհանգիրյանը։

Անդրադառնալով փոփոխությանը, որով նախատեսվում է մինչև քննության ավարտը խոշտանգման մեջ մեղադրվողի լիազորությունների կասեցումը, Ջհանգիրյանն ասել է, որ գործող օրենքով դա դատախազի որոշման հարց է։

«Ես կարող եմ ասել տասնյակ հոդվածներ, որտեղ մեղադրյալի լիազորությունների կասեցումը ծայրահեղ անհրաժեշտություն է։ Մենք պետք է գնանք ունիվերսալ լուծումների»,֊ ասել է Ջհանգիրյանը։

Այս դիտարկմանը անդրադառնալով՝ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասել է, որ խոշտանգումը հատուկ դեպք է, և այդ դեպքում ունիվերսալ լուծումներ դժվար է գտնել։ Ըստ Մարուքյանի՝ խոշտանգման դեպքում պետք է դադարեցնել մեղադրյալի լիազորությունները, որպեսզի նա որևէ լծակ չունենա միջամտելու քննությանը։

Պատգամավորը նշել է նաև, որ Հայաստանում անհրաժեշտ է ունենալ խոշտանգումից տուժածներին փոխհատուցում տալու ինստիտուտ։ Այդ ինստիտուտը ստեղծելու համար ևս կարևոր է տալ խոշտանգման հստակ սահմանում։

ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը ողջունել է օրենքի ընդունման առաջարկը։

«Ակնհայտ է, որ օրենքի փոփոխությունը կնպաստի, որ մենք իրոք կանխարգելենք խոշտանգման դեպքերը, որովհետև բավականին բարձր պատիժ ենք սահմանել՝ 4-8 տարի կամ 7-12 տարի։ Այս տեսանկյունից կարևոր է, որ պաշտոնակատար անձի կողմից կամ նրա դրդմամբ կատարված խոշտանգումը տարանջատել ենք ընդհանուր խոշտանգում հոդվածից»,֊ ասել է ՕԵԿ-ական պատգամավորը։

Tekali Taxi