Home / Տեսանյութեր / Դատապարտյալն ի վիճակի չէր տեսակցության իջնել․ նրան սայլակ չեն տրամադրել

Դատապարտյալն ի վիճակի չէր տեսակցության իջնել․ նրան սայլակ չեն տրամադրել

Առողջական խնդիրներ ունեցող ամբաստանյալ Հրաչյա Գևորգյանը չի կարողացել ինքնուրույն իջնել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տեսակցությունների սենյակ, որտեղ իրեն սպասել է «Հելսինկյան ասոցիացիայի» դիտորդ Արման Վեզիրյանը։ Շուրջ երկու ժամ սպասելուց հետո դիտորդին տեղեկացրել են, որ կալանավորը չի կարող ինքնուրույն քայլել և պահանջում է իրեն պատգարակով կամ սայլակով իջեցնել տեսակցությունների սենյակ, բայց քանի որ ՔԿ վարչության բուժմասի կողմից առկա է տեղեկանք, որ Գևորգյանը առողջ է և կարող է քայլել, սայլակով տեսակցության չեն իջեցրել: Իրավապաշտպանի հարցին՝ «ձեր աչքերի՞ն եք հավատում, թե՞ տեղեկանքին», պատասխանել են, որ ոչինչ չեն կարող անել: Վեզիրյանին այդպես էլ չի հաջողվել տեսակցել կալանավորի հետ:

Ավելի վաղ «Հելսինկյան ասոցիացիան» ահազանգել էր, որ Գևորգյանին, ով չի կարողանում խոսել և ինքնուրույն քայլել, ունի սուր շնչառական անբավարարություն, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ: 

Գևորգյանը մեղադրվում է իր հետ քաղաքացիական ամուսնության մեջ գտնվող Նաիրա Հարությունյանին և վերջինիս անչափահաս որդուն պատանդ վերցնելու, պատանդներին ազատելու պայմանով կնոջ հորից գումար պահանջելու մեջ: Նա մեղադրանքը չի ընդունում, վերջին 2 տարվա ընթացքում բազմիցս հայտարարել է, որ իրեն սպառնացել է Մաշտոցի ՆԳ բաժանմունքի քրեական հետախուզության բաժնի նախկին պետ Արթուր Գևորգյանը, սակայն ՀՔԾ-ի համար դա բավարար հիմք չի դարձել քրեական գործ հարուցելու համար։

Ըստ մեղադրյալի՝ Արթուր Գևորգյանն իր հետ մի քանի անգամ հանդիպում է պահանջել, մեկ անգամ էլ հանդիպել է՝ ՔԿՀ֊ի աշխատակիցներին ներկայանալով որպես մեղադրյալի բարեկամ։ Համաձայն Հրաչյա Գևորգյանի, հանդիպման ժամանակ ոստիկանն ասել է, որ թույլ չի տա, որպեսզի մեղադրյալը բանտից դուրս գա, կպահի այնքան, մինչև մահանա:

Ավելի վաղ Epress.am-ն անդրադարձել է Հրաչյա Գևորգյանի դատավարությանը։ 

Tekali Taxi