Դատապարտյալ Հրաչյա Գևորգյանի (լուսանկարում) կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությանն ահազանգել է կալանավորի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը:
Վատառողջ Հրաչյա Գևորգյանին անցյալ շաբաթ «Արմենիա» բժշկական կենտրոնից վերադարձրել էին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որտեղ կալանավորն իրեն դարձյալ վատ է զգացել՝ նա շատ թույլ է եղել, չի կարողացել քայլել: Պաշտպանի հետ հանդիպմանը նրան բերել են սայլակով:
«Գևորգյանը չի կարողացել խոսել, միայն փաստաբանին գրավոր հայտնել է, որ իր կյանքին վտանգ է սպառնում, իրեն փորձել են թունավորել ՔԿՀ-ում և լրագրողների հետ հանդիպում է խնդրել: Ի դեպ, այս մասին «Հելսինկյան ասոցիացիան» անմիջապես տեղյակ է պահել ՄԻՊ արագ արձագանքման խմբին և կալանավայրերում դիտորդական խմբի ներկայացուցիչներին։ ՄԻՊ խումբը խոստացավ որոշում կայացնել փաստաբանի հետ խոսելուց հետո, իսկ կալանավայրերում դիտորդական խումբը հայտնեց, որ ամենաուշը վաղը կայցելեն կալանավորին»,- գրում է «Հելսինկյան ասոցիացիայի» կայքը:
Գևորգյանը մեղադրվում է իր հետ քաղաքացիական ամուսնության մեջ գտնվող Նաիրա Հարությունյանին և վերջինիս անչափահաս որդուն պատանդ վերցնելու, պատանդներին ազատելու պայմանով կնոջ հորից գումար պահանջելու մեջ: Նա մեղադրանքը չի ընդունում, վերջին 2 տարվա ընթացքում բազմիցս հայտարարել է, որ իրեն սպառնացել է Մաշտոցի ՆԳ բաժանմունքի քրեական հետախուզության բաժնի նախկին պետ Արթուր Գևորգյանը, սակայն ՀՔԾ-ի համար դա բավարար հիմք չի դարձել քրեական գործ հարուցելու համար։
Ըստ մեղադրյալի՝ Արթուր Գևորգյանն իր հետ մի քանի անգամ հանդիպում է պահանջել, մեկ անգամ էլ հանդիպել է՝ ՔԿՀ֊ի աշխատակիցներին ներկայանալով որպես մեղադրյալի բարեկամ։ Համաձայն Հրաչյա Գևորգյանի, հանդիպման ժամանակ ոստիկանն ասել է, որ թույլ չի տա, որպեսզի մեղադրյալը բանտից դուրս գա, կպահի այնքան, մինչև մահանա:
Ավելի վաղ Epress.am-ն անդրադարձել է Հրաչյա Գևորգյանի դատավարությանը։